Pastinfo.am-ը գրում է.
Երեկ առավոտյան ՀՀ կառավարության շենքում ինքասպանության փորձ կատարած ՀՀ ԱԱԾ պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակից Լյուդվիգ Հովհաննիսյանի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին, «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան, հայտնեցին Առաջին համալսարանական հիվանդանոցից:
 
Երեկ կատարված վիրահատությունից հետո նա դեռևս մնում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին:
 
Հիշեցնենք՝ երեկ առավոտյան, շտապ օգնության կանչով ՀՀ կառավարության վարչական շենքից գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով Լյուդվիգ Հովհաննիսյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Նախնական վարկածով 32-ամյա տղամարդն ինքնասպանության փորձ է կատարել` իր մոտեղած ծառայողական ատրճանակով կրակելով իր գլխին: 
 
Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել