Ասել ու նորից կրկնելու եմ. եթե ռուսամոլ հայերն իսկապե՛ս ռուսական մշակույթ իմանային, ապա անտարակույս վաղուց ազատագրված կլինեին այդ կայսրությունից ու կամ առիթից կօգտվեին ու, Ուկրաինայի ժողովրդի օրինակին հետևելով, առնվազն այսօր ոտքի կկանգնեին, որովհետև ռուս մշակույթը Ալլա Պուգաչևան ու Վալերի Լեոնտևը չէ, ռուս շակույթը Սալտիկով-Շչեդրինն է, Լերմոնտովն է, Պաստերնակն է ու Մանդելշտամը, Ախմատովան է ու Նաբոկովը, Բուլգակովն է ու Ցվետաևան, Գումիլևն է ու Գորինը, Շենդերովիչն է ու Բիկովը, Դովլաթովն է ու Բրոդսկին... Ու այսպես հարյուրավորներ, որ իրականում այնքան էլ շատ չեն, որովհետև իսկապես ոգեղեն են, բայց այնքան էլ քիչ չեն, եթե նկատի ունենանք, որ Ռուսական կայսրությունն իր ստեղծման պահից եղել է ագրեսիվ ու ընդհանուր առմամբ ոգեղենությունից զուրկ: 
Եթե հայ ռուսամոլները շահագրգիռ լինեին իրենց «փրկիչներին» գոնե այս բարձր ու իրական արժեքներով ճանաչել, ապա անպայման հասկանալու ու անմիջապես հետո էլ նողկալու էին այն երկրից, որի գաղութն են ու ստրուկը: Եվ եթե ձեր մեջ դեռևս մնացել են թեև տգետ, բայց գոնե մտածող մարդիկ, ապա իսկույն ևեթ արտագրեք թվարկածս հեղինակների ցուցակն ու սկսեք ճանաչել Ռուսաստանն իր վաղ անցյալից մինչև այսօր: Ես ձեզ հավատացնում եմ, թե գիտելիքը միայն մեծախոսությունը չէ, այլ բավականին կոնկրետ, շոշափելի գիրքն ու խոսքը: Ու հենց այս մարդկանց խոսքն ըմբռնեք, կըմբռնեք նաև, թե մեր իրական թշնամին մեր տգիտությունն է, որի հետևանքով պաշտում ենք մեր գաղութային կյանքն ու ոչ մի կերպ դրանից ազատվելու հնար չենք որոնում...
Հ.Գ. Այս ցուցակի հեղինակներին ծայրից ծայր կարդալուց հետո մեկ ուրիշ ցուցակ կհրապարակեմ՝ արդեն «գարշելի» արևմտյան մտածողների անուններով: Ասենք՝ Հեգել, Պլատոն, Արիստոտել, Էպիքուր... Նաև Դիդրո, Վոլթեր, Ռուսո, Մոլիեր, Մարկ Տվեն, Ջեկ Լոնդոն (այլ ոչ Դրայզեր) և այլն....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել