Վերջին օրերի ռազմական լարվածությունը ցույց տվեց, որ հայության զգալի մասը պատրաստ է ցանկացած պահի վերսկսվող լայնածավալ ռազմական գործողություններին:
Սակայն միաժամանակ մտահոգություն են առաջացնում հայ ազգի որոշ շերտեր, այն է`
1. Ամեն գնով իրենց որդիներին բանակից ազատող հայրիկները և փեշի տակ մեծացնող ու ողջ կյանքում նրանց վրա դողացող մայրիկները (միայն չասե՛ք «դուք էլ ծնող կդառնաք» կարգի արտահայտություններ):
2. Հայոց բանակում չծառայած այն տղաները, ովքեր զենքի ու կռվի հանդեպ ունեն բնազդային վախեր:
3. Հայոց բանակում ծառայած այն տղաները, ովքեր ինչ-ինչ պատճառներով դեպի զինված ուժերը թաքնված և անթաքույց ատելություն են տածում:
4. Որոշ փափկասուն աղջիկներ, ովքեր սարսափահար են լինում պատերազմ բառից և նրա վերսկսման ցանկացած հեռանկարից:
5. Այսպես կոչված «մարդասերներ» և «պացիֆիստներ», ովքեր փորձում են հիմնավորել իրենց գաղափարները «մարդու իրավունքների» և «ժողովուրդների համերաշխության» դիրքերից…

Այս ամենը նկատի ունենալով՝ անհրաժեշտ է, որ մենք մեկընդմիշտ հասկանանք.
1. Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում և ունի այնպիսի ռազմավարական դիրք, որ մշտապես հայտնվել և հայտնվելու է բազմապիսի թշնամիների հետաքրքրությունների շրջանակում:
2. Հայաստանն արդեն 27 տարի գտնվում է պատերազմական դրության մեջ. չնայած 1994թ.-ին կնքած զինադադարին և լայնածավալ ռազմական գործողությունների ավարտին՝ մինչ օրս այս կամ այն չափով շարունակվում են հայերի բախումները թշնամու հետ: 
3. Այս պայմաններում հայ ազգը և Հայոց պետությունն իր գոյությունը և հետագա զարգացումը (այդ թվում` օտարի ձեռքերում մնացած մեր հայրենիքի ազատագրման նպատակով) կարող է իրականացնել միայն որպես ռազմականացված (միլիտարիստական) մի ամբողջություն, որտեղ յուրաքանչյուր հայ հասկանում է, ինչպես Հայոց բանակի մեծագույն դերը մեր երկրի սահմանների պաշտպանության գործում, այնպես էլ իր կոնկրետ պարտականություններն այդ պաշտպանության ապահովման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել