Ֆլորա Մարտիրոսյանը երաժշտական արվեստում մարդ էպոխա է: Փայլեց խորհրդային շրջանում և շարունակեց շողալ անկախության տարիներին: Երգի թագուհի, ով իր բացառիկ ու աստվածային ձայնով ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ ի վեր սերնդեսերունդ եկավ մեր` հայերիս տուն, գրկեց մեր սիրտը և այդպես շարունակելու է` արդեն հավերժի մեջ մնալով: Նա այն եզակի մարդկանցից էր, ով անչափ նվիրված էր իր երկար տարիների հավատարիմ հանդիսատեսին ու տարվա ընթացքում շուրջ 6 մենահամերգ էր ունենում հայրենիքում` իր սիրած Ֆիլհարմոնիայի դահլիճում: Մի անասելի ուրախություն էր տիրում նրա համերգներին թե՛ Սփյուռքում և թե՛ հայրենիքում: Դահլիճն ուղղակի թնդում էր: Դրա վառ վկայությունն լեփ-լեցուն դահլիճներն էին: Ժողովուրդը շարունակ ուզում էր լսել նրան: 
Ֆլորա Մարտիրոսյանը վաղուց ի վեր դարձել է հայ ժողովրդի հարազատը և ցանկալի կլիներ, որ մեր պետական այրերն ու համապատասխան պատկան մարմիններն՝ ի դեմս հանրապետության ղեկավար Ս. Սարգսյանի և վարչապետ Տ. Սարգսյանի, նրա հուղարկավորության վայրի կարևորագույն որոշումը կայացնելիս հաշվի առնեն նաև մեր` երգչուհու ոչ արյունակից հարազատների` նրա բազմահազար երկրպագուների կարծիքը, և նա ամփոփվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում, քանզի Ամենայն Հայոց Երգչուհին պետք է լինի ժողովրդի մյուս սիրելիների` իր Կոմիտասի և մեր մյուս մեծերի կողքին:

Մեծ երգչուհու մեծ երկրպագու Արտակ Աղաջանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել