«Իսլամական աշխարհում համերաշխություն հաստատելու և մուսուլմանների միասնականությունն ամրապնդելու» նպատակով ս.թ. օգոստոսի 31-ին հնգօրյա այցով Բաքու էր մեկնել ԻԻՀ հեղինակավոր այաթոլլահներից մեկը՝ Հոսեյն Նուրի Համադանին: Այցի առաջին իսկ օրերից ադրբեջանական ԶԼՄ-ներն սկսեցին տեղեկատվություն տարածել առ այն, թե իբր իրանցի հոգևոր-քաղաքական վերնախավի ներկայացուցիչը հայտարարել է, որ «աղոթում է Աստծուն առ այն, որ ադրբեջանական հող հանդիսացող Ղարաբաղը վերադարձվի իր օրինական տիրոջը»:

Այդ ժամանակ իրանական ԶԼՄ-ները ոչ միայն չէին հաստատում հիշյալ տեղեկատվությունը, այլև որոշ հայտնի լրատվական գործակալություններ, օրինակ՝ «Fars»-ը, նույնիսկ չէին էլ լուսաբանել այաթոլլահ Հոսեյն Նուրի Համադանիի այցն Ադրբեջան: Այդուհանդերձ, անհասկանալի պատճառներով իրավիճակը փոխվեց այցի ավարտից հետո (հինգշաբթի օրվանից), երբ իրանական կայքերը և օրաթերթերը (օրինակ՝ «Jamejam»-ը), մեկը մյուսին «հերթ չտալով» և հղում կատարելով ադրբեջանական՝ գերազանցապես «APA» և «Trend» գործակալություններին, սկսեցին հրապարակել վերը նշված ադրբեջանամետ հայտարարությունը:

Նման իրավիճակներում խնդիրը ոչ այնքան ադրբեջանական ԶԼՄ-ներն են, որոնք սովոր են ապատեղեկատվություն տարածելու գործելաոճին, այլ իրանական լրատվամիջոցները: Ինչպես հայտնի է, վերջիններս անշեղորեն են հետևում պետական քարոզչատեղեկատվական քաղաքականությանը, ուստի միամիտ է կարծել, որ իրանական ԶԼՄ-ների գործողություններում օրինաչափություն դարձած որոշ երևույթներ կարող են լինել ինքնագործունեության դրսևորումներ: Այդ համատեքստում մենք ունենք որոշակի մտահոգություններ.

1. Հակահայկական բնույթի նյութերը, թեև գերազանցապես ադրբեջանական կամ թուրքական ԶԼՄ-ներից վերցված նյութերն են, սակայն դրանք ունեն առավել լայն շրջանառություն, քան հայկական ԶԼՄ-ներից վերցված իրականությանը համապատասխանող անաչառ հրապարակումները:
2. Երբեմն ապատեղեկատվություն հանդիսացող այս կամ այն հակահայկական բնույթի նյութն օտար աղբյուրների անվան ներքո շրջանառելիս իրանական ԶԼՄ-ներից մեկը՝ X լրատվամիջոցը, վերցնում և ներկայացնում է այն իր հեղինակությամբ: Դրանից հետո, արդեն, մյուս իրանական ԶԼՄ-ներն սկսում են, հենց այդ X աղբյուրը վկայակոչելով, տարածել նյութը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել