Այս մի քանի օրը, կարծում եմ, բավականին անհրաժեշտ զորավարժությունների մասին (ինչո՞ւ եմ անհրաժեշտ համարում, մի առիթով կարտահայտվեմ) լրահոսը զուգահեռվում է միանգամայն իրական սահմանային լարվածության վերաբերյալ տեղեկություններով: Մեր խաղաղ բնակավայրերի գնդակոծություններ, հրետակոծություն, վիրավորների, ցավոք նաև՝ զոհերի մասին տվյալներով: Ու ծայր են առել բազմապիսի դատողություններ՝ «վա՜յ, պատերազմի վերսկսման վտանգ կա» թեմայով: Չէ, ես հասկանում եմ, իհարկե, որ լուրջ վերլուծաբաններն այդ արտահայտության տակ նկատի ունեն, այսպես ասեմ՝ «ակտիվ ռազմական գործողությունները», մասնավորապես զինված ուժերի և ռազմատեխնիկայի շատ առավել լայն ընդգրկմամբ ու կիրառությամբ: Բայց ինքս, օրինակ, կարծում եմ, որ «պատերազմի վերսկսման վտանգ» արդեն չկա: Իսկ չկա երկու պարզ պատճառով. նախ՝ պատերազմը չի էլ ավարտվել, որ վերսկսվի: Եվ երկրորդ՝ այն արդեն անցյալ տարվա հունվարից, առավել ևս՝ օգոստոսից կարելի է վերսկսված համարել (դրա նաև «մասնագիտական» ընկալմամբ): 
Այսինքն, իմ կարճ խելքով ես այնպես եմ կարծում, որ պետք է ոչ թե խորանալ պատերազմի վերսկսման-չվերսկսման ոչինչ չտվող դատողությունների մեջ, իրար ինչ-որ բաներ համոզել, այլ առաջնորդվել գիտակցությամբ, որ պատերազմը չի ավարտվել: Հետևաբար, կարծում եմ, ամեն ինչ ռազմաճակատի, ամեն ինչ հաղթանակի համար մոտեցումը պետք է լինի տիրապետողը մեր բոլոր գործողություններում: Մեր ռեսուրսները միավորելու և համախմբվելու քայլերը պիտի առաջնային լինեն: Ամեն օր: Մինչև հաղթանակ, եթե կուզեք, նաև` հաղթանակից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել