«Հայաստանի ձայնը» նախագծի երրորդ եթերաշրջանի հաղթող Ռաիսա Ավանեսյանը նախագծի ավարտից հետո վերադարձել էր Թեհրան, սակայն Սոնայի հորդորներով այժմ կրկին Երևանում է և պատրաստվում է ստեղծագործական մի շարք նորություններ ներկայացնել։ BlogNews.am-ի հետ զրույցում Ռաիսան ասաց, որ 2 ամիս առաջ է եկել Հայաստան՝ մասնակցելու Սոնայի տարեդարձի երեկույթին, ինչից հետո սկսվել է իր բուռն աշխատանքային կյանքը Երևանում։
Այժմ նա աշխատում է «Imagine» բենդի հետ՝ որպես մեներգչուհի և պարբերաբար ելույթներ է ունենում երևանյան ակումբներում։ «Փառք Աստծո, պահանջարկը մեծ է՝ շաբաթը 2 համերգ ենք ունենում, նաև Սոնայի հետ ենք պատրաստվում համերգների։
Ռաիսան պատրաստվում է նոր երգ թողարկել, որի երաժշտությունը գրել է Նիկ Էգիբյանը, խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, տեսահոլովակը նկարահանելու է Ժոռ Մելոյանը։ «Սոնան ինձ շատ է օգնում երգի և տեսահոլովակի հարցում, ամեն հարցում իրենից եմ խորհուրդ հարցնում։ Երաժշտական և, առհասարակ, իմ կյանքում Սոնայի կարծիքն ինձ համար շատ կարևոր է։ Առաջին երգի ու տեսահոլովակի ընտրությունը բավականին պատասխանատու քայլ է։ Ես, Սոնան և Նիկն ընտրել ենք այնպիսի երգ, որը և՛ երաժշտական առումով բավականություն կպատճառի, և՛ ժողովրդին դուր կգա։ Երգը մոդեռն փոփ ոճում է, իր մեջ «դրայվ» ունի՝ մեզ պես խենթ ու գիժ է։) Կարծում եմ՝ իմ, Սոնայի, Նիկի և Ավետի խառնուրդից հետաքրքիր բան կստացվի։)»,- ասաց Ռաիսան։
Երգչուհին դեռ «Հայ սուպերսթար» նախագծից էր բավականին սիրվել, սակայն այն ժամանակ նախագծի ավարտին հետևեց նրա լռությունը։ Ըստ Ռաիսայի՝ այս անգամ ամեն բան այլ է։ «Ես այլ երկրից եմ եկել, «Սուպերսթարից» հետո ինչ-որ մեկը չկար, որ ինձ ուղղություն տար, թե ինչ պետք է անեմ Հայաստանում, չկար այնպիսի մարդ, ով ինձ կօգներ գտնել իմ տեղը։ Այժմ իմ կողքին կա Սոնան, ով ինձ համար ավելին է անում, քան իր ուժերն են ներում։ Հիմա ճիշտ ժամանակն է, որ ես ցույց տամ՝ ինչ ունեմ և ինչ կարող եմ անել»,- ոգևորությամբ նշեց նա։
Երգչուհին շատ է ցանկանում զուգերգ ունենալ Սոնայի հետ։ «Կյանքիս ամենամեծ ցանկությունը դա է։ Ի դեպ, ես միայն Սոնայի հետ զուգերգ ունենալու ցանկություն ունեմ։ Մենք շատ ենք խոսել այդ մասին, պարզապես պետք է սպասել, որ պահը հասունանա։ Մեր երաժշտական ճաշակները շատ մոտ են, սպասում ենք այնպիսի երգի, որից երկուսս էլ բավականություն կստանանք։ Այժմյան երգերը կարճ կյանք ունեն, մենք ուզում ենք այնպիսի երգ ներկայացնել, որը երկար կապրի։ Սոնայի հետ զուգերգն ինձ համար շատ պատասխանատու է»,- եզրափակեց Ռաիսան։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի