Exclusive

«Արմենիա TV»-ի եթերում շուտով կմեկնարկի նոր «Աջ, թե ձախ» հեռուստանախագիծը, որի շրջանակներում հաղորդավարները կշրջագայեն տարբեր երկրներով, կփորձեն օգտվել տվյալ երկրի հաճույքներից՝ մեկն ունենալով անսահմանափակ հնարավորություն՝ ոսկե քարտի տեսքով, մյուսը՝ 100 դոլար՝ ապրելով ընդամենը 2 օր: Նախագծի հաղորդավարներն են դերասան Դավիթ Թադևոսյանն ու երգչուհի Սյուզին։

BlogNews.am-ի հետ զրույցում Սյուզին հույս հայտնեց, որ արձագանքները դրական կլինեն, քանի որ հաղորդումը և՛ ճանաչողական է, և՛ ժամանցային։ «Բավականին երկար ժամանակ է՝ չեմ եղել էկրաններին, արդեն երեքուկես տարի է՝ աշխատում եմ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի միջազգային բաժնում և սիրահարված եմ իմ աշխատանքին։ Հարյուրավոր նախագծեր են եղել, որոնց մասնակցել եմ կամ մերժել, սակայն երբ առաջարկը ստացա նախագծի պրոդյուսեր Արկադի Շուշանյանից, հասկացա, որ իմ տեսակին համապատասխան է, որովհետև անգամ ոչ գիտակցական տարիքից ճամփորդել եմ։ Հուսամ՝ վերադարձս ճիշտ ժամանակին է և ճիշտ տեղում: Չէի պատկերացնում, որ որևէ նախագծով կոգևորվեմ,- ասաց Սյուզին և հավելեց, -ոգևորիչ է, երբ քո ղեկավարներն են իրենց հավանությունը տալիս»։

Դավիթը հայտնեց, որ «Շելբի» փրոդաքշնը հաղորդումն իրականացրել է իր առաջարկով։ «Կարծում եմ՝ հեռուստադիտողների համար հետաքրքիր կլինի։ Ժամանցային լավ հաղորդում է, որը կարող է նաև ուղեցույցային լինել, թե տվյալ երկիր գնալու դեպքում մարդն ինչից կարող է օգտվել, ինչից՝ ոչ, քանի որ լուսաբանում ենք բացառապես ամեն ինչ»,- նշեց Դավիթը։

Աշխատանքային թիմն արդեն եղել է մի շարք երկրներում։ Թե քանի օր կանցկացնեն տվյալ երկրում, կախված է աշխատանքի ծավալից։ Առաջին երկիրը, ուր այցելել են, Մոնտենեգրոն է։ «Առաջին անգամ էի Մոնտենեգրոյում։ Աննկարագրելի գեղեցիկ էր։ «Մոնտենեգրո» իտալերենից թարգմանաբար նշանակում է սև սար, քանի որ շուրջդ սարեր են, և երբ մթնում է, բոլոր սարերը սև են դառնում։ Ուղղակի հեքիաթային է։ Քաղաքները մեկը մյուսից շատ են տարբերվում. մեկն ընդգծված պատմական է, մյուսը՝ ընդգծված ժամանցային։ Կոտոր քաղաքում ոչ մի նոր շինություն չկա, եթե ինչ-որ բան վնասվում է, վերակառուցում են նույնությամբ»,- ոգևորությամբ նշեց Սյուզին։

Ըստ Դավթի՝ թեև ներկայանում է որպես հաղորդավար, այս ձևաչափում շատ կարևոր է դերասանական հմտություններ ունենալը, քանի որ հաղոդումը խաղարկային է։ Սյուզին նկատեց, որ հաղորդման հոգին ու շունչն այն է, որ սցենար չկա. «Դու մեկնաբանում ես յուրաքանչյուր գեղեցիկ և ոչ գեղեցիկ բան, որը տեսնում ես։ Դու չես խաղում, տեսախցիկը ֆիքսում է քո բոլոր էմոցիաները»։ Դավիթն էլ հավելեց, որ ամբողջ ընթացքը լի էր զվարճալի ու զավեշտալի պատմություններով, քանի որ հաղորդման ընթացքում ոչինչ կանխատեսելի չէ, ամեն բան հիմնված է իմպրովիզների վրա։ «Վերջերս Կիպրոսում շատ հետաքրքիր ջրային ատրակցիոն նստեցինք, որը չգիտեմ՝ ինչպես ենք եթեր տալու, քանի որ ես էլ, օպերատորն էլ շատ էինք վախեցել»,- հիշեց դերասանը։

Սյուզին նշեց, որ ցանկացած երկիր մեկնելուց առաջ ստեղծագործական խումբը նախապատրաստական աշխատանքներ է տանում՝ բանակցելով տվյալ երկրի ազգային տուրիստական ինստիտուտի հետ, որտեղից ստանում են ժամանցային գոտիների, մշակութային վայրերի ցանկն ու նախապես քննարկում, թե ինչը պետք է լուսաբանել։ «Հաղորդման ֆորմատը թույլ է տալիս ցույց տալ, թե ինչպես կարող է անցկացնել իր հանգիստը սահմանափակ ֆինանսով մարդը և ինչեր կարող է իրեն թույլ տալ անսահմանափակ հնարավորություներ ունեցող մարդը»,- ասաց Սյուզին։

«Աջ, թե ձախ»-ը եթերում է լինելու սեպտեմբերի 18-ից։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել