Ակնհայտ է, որ իրան-ամերիկյան հարաբերությունները շարունակում են պահպանել նախկին լարվածությունը, որը Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունից հետո առնվազն անտրամաբանական կարող է թվալ: Եթե ԻԻՀ-ը և ԱՄՆ-ն ունեն (իսկ ամենայն հավանականությամբ հենց այդպես է) միմյանց հետ գործակցելու իրական նպատակներ, ուրեմն փոխվստահության բացակայության մասին հուշող նրանց բոլոր գործողություններն ընդամենը բեմականացում են, որոնք, ըստ երևույթին, նպատակաուղղված են իրան-ամերիկյան հարաբերությունների կարգավորման ընդդիմախոսների կրքերը հանդարտեցնելուն կամ նրանց ուշադրությունն իրական գործընթացներից շեղելուն:

Ինչ վերաբերում է վերոնշյալ լարվածության պատճառներն ԻԻՀ և ԱՄՆ արժեհամակարգերի հակադրությամբ բացատրելուն, ապա այդ հակադրությունը կարող է արագ փոխակերպվել հակադրամիասնության, եթե տնտեսական շահի գիտակցումը դառնա գերակա: Այլ կերպ ասած՝ ԻԻՀ-ի և ԱՄՆ-ի քաղաքակրթական-բարոյամշակութային արժեհամակարգերի հակասականությունը կարող է չազդել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նշանակության որոշ հարցերի շուրջ համատեղ ծրագրեր մշակելու և իրականացնելու վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել