Tert.am-ը գրում է.

Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ անցկացված խորհրդարանական լսումներն արդյունավետ էին: Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ նշելով, որ հնչեցին բավական լուրջ առաջարկություններ:

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ չլինեն հետնախագահական ճգնաժամեր:

«Ինչո՞ւ են Հայաստանում բոլոր ընտրությունները որպես կանոն ավարտվում խորը ճգնաժամով, հանրությանը կանգնեցնում են քաղաքացիական բախումների սպառնալիքի առջև: Ինչո՞ւ նույնը տեղի չի ունենա խորհրդարանական համակարգի արդյունքում: Որովհետև հիմա միակ կռվախնձորը նախագահի պաշտոնն է, սա է խնդիրը: Երբ ասում են՝ գործող Սահմանադրությունն անձնավորված է, անձնակենտրոն, սրա մասին է խոսքը: Կարո՞ղ ենք այսպես շարունակել, հավատացնում եմ՝ այո, աշխարհը շուռ չի գա: Բայց կա անխուսափելի անհրաժեշտություն անդրադառնալու այս հարցերին: Փորձ է, ոչ ավել ոչ պակաս փորձ է կատարվում»,-շեշտեց Խ. Հարությունյանը:

Պատգամավորը նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների քաղաքական անհրաժեշտությունը ձևավորվում է քաղաքական վերնախավի մոտ, իսկ հասարակությունը չի դառնում նման նախաձեռնությունների հեղինակ:

«Հանրությանը հրամցվում է, ինչով մենք զբաղվում ենք, մանրամասն ներկայացվում է և փորձ արվում ապացուցել բարեփոխումների անհրաժեշտությունը: Եվ դա պետք է անել անկեղծ, բարեխիղճ»,- հավելեց  Խ. Հարությունյանը:

ՀՀԿ պատգամավորն ասաց, որ Սահմանադրությունն ընդամենը թուղթ է և ոչինչ չի որոշում. «Եթե այս թղթի վրա չգրվի այն, ինչ մենք վաղը մյուս օրը պիտի իրականացնենք, նվազում է իրականացման հնարավորությունը: Խորհրդարանական համակարգը բավարա՞ր է այս պահանջներին: Եվ այո, և ոչ: Բայց խորհրդարանական համակարգը բաներ է տալիս, որի կարիքը մենք ունենք: Օրինակ` կուսակցությունները որպես ինքնուրույնություն չեն կայանում: Միթե՞ սա մտահոգիչ չէ»:

Խոսրով Հարությունյանն անդրադարձավ լսումների ժամանակ հնչած կասկածներին, որ Վենետիկի հանձնաժողովին ուղարկված նախագծի անգլերեն տարբերակը տարբերվում է հայերեն տեքստից: Ելույթներից մեկում հնչել էր դիտարկում, որ կնոջ և տղամարդու ամուսնության մասին դրույթը անգլերեն տարբերակում հնարավորություն է տալիս ամուսնանալ նաև նույն սեռի մարդկանց: Այս առումով Խոսրով Հարությունյանը նշեց.«Ամուսնությունը պիտի լինի տղամարդու և կնոջ միջև, սա ակնհայտ է, եթե անգամ անգլերենը մի բան է ասում, մենք առաջնորդվում ենք մեր թեզերով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել