Արդեն հոգնել եմ մեր տաղտկալի վերլուծություններից: Պարբերաբար լույս են տեսնում ինչ-որ ՀԿ-ների կամ էլ անհատ լրագրողների մեգավերլուծություններ, որոնց հիմնական մեսիջը կայանում է նրանում, որ ԵԱՏՄ-ն քխ էր, իսկ կոնտեքստով կարմիր գծով գնում ա էս միտքը. «Բա երնեկ չէ՞ր Ասոցիացիան ստորագրեինք»: Ու նյարդայնացնողը ոչ թե այդ տեսակետի առկայությունն է, այլ այն սպեկուլյատիվ հնարքները, որոնք կիրառվում են նմանօրինակ վերլուծություններում: Ի՞նչ է պետք հասկանալ, որպեսզի սթափ նայել հարցին՝ չտրվելով «սիրում եմ-չեմ սիրում» տրամաբանությանը:

- Նախ, ամեն ինչ համեմատության մեջ է երևում: Եթե ասում ենք՝ ԵԱՏՄ-ն վատն ա, ու գիտենք, որ դրա այլընտրանքը ԵՄ ասոցացումն էր, ապա եկեք համեմատենք հակադիր օրինակի հետ: Ուկրաինան բաց ենք թողնում, այնտեղ պատերազմ է: Լավ, բա Վրաստանում ու Մոլդովայում, որտեղ ստորագրեցին ասոցացումը, ինչո՞ւ մանանա չի թափվում երկնքից: Ասեմ ավելին, ինչո՞ւ տնտեսական իրավիճակն այդ երկրներում ավելի չլավացավ, իսկ որոշ հարցերում էլ վատացավ: Կասե՞ք:

- ԵԱՏՄ-ն ունի տեսական պոտենցիալ, ինչպես դա ունի նաև նույն ասոցացումը, բայց պոտենցիալից օգտվելու վրա ազդում են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններ: Ասենք՝ ԵԱՏՄ-ի պարագայում օբյեկտիվ գործոն ա առաջին հերթին Ռուսաստանի տնտեսական վիճակը, իսկ էդ վիճակը հետույքային ա՝ պատժամիջոցների ու նավթի գահավիժած գնի պատճառով: Հասկանալի է, որ 2013 թվականի համեմատ կատաստրոֆիկ նահանջ ապրած բարեկեցությունը Ռոււսաստանում չէր կարող նպաստել ԵԱՏՄ-ի ներքին շուկայի կայուն աճին ու զարգացմանը, առավել ևս, որ նավթի ու էներգակիրների ընկած գները հարվածեցին նաև միության երկրորդ տնտեսությանը՝ Ղազախստանին:

Դե իսկ սուբյեկտիվ գործոնն էլ արդեն մարդկային-կառավարական գործոնն է: ԵԱ լինի, թե ԵՄ, եթե սեփական տնտեսական համակարգդ կոռումպացված է, օլիգոպոլիկ ու ուղղված ներկրկմանը, դժվար է դրական շոշափելի արդյունք ակնկալել բնակչության համար:

- Ու վերջապես, երրորդ ու երևս ամենակարևորագույն կետը՝ գնահատման չափորոշիչները: Երբ գրվում են նման տափուկ վայ-վերլուծություններ, հենման կետ են ընդունում այն, որ ԵԱՏՄ չմտնելու այլընտրանքը եթե ԵՄ ասոցացում ստորագրելը չի, ապա ԵԱՏՄ չմտնելն էր՝ առանց որևիցե հետևանքների: Իսկ ո՞վ է ասել, որ այդպիսի հետևանքներ չէին լինելու: Ասենք, ի՞նչ երաշխիք կար, որ Ռուսաստանը պատժիչ սանկցիաներ չէր կիրառի ու, ասենք, չէր բարձրացնի գազի գինը մինչև 500 դոլար կամ էլ չէր փակի ՀՀ-ից Ռուսաստան գնացող գրեթե ողջ արտահանումը, ինչպես դա արեց, ասենք, Մոլդովայի պարագայում: Որևէ մեկը փորձե՞լ է հաշվարկել նման պատասխան քայերի տնտեսական հետևանքները մեր՝ առանց այն էլ ավերակների վերածված տնտեսության վրա: Համենայն դեպս, ես չեմ տեսել որևիցե քիչ թե շատ լուրջ վերլուծություն այս ուղղությամբ այն աղբյուրներում, որտեղ ընդունված է մազերը փիտել ԵԱՏՄ մտնելու կապակցությամբ:

Հ.Գ. ԵԱՏՄ-ին անձամբ ես վերաբերվում եմ այնպես, ինչպես միշտ՝ որպես չարյաց փոքրագույն ու պարտադրված այլընտրանքներից ամենաանցավը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել