Նրա արվեստանոցը լեցուն է:  բացառիկջերմությամբ ու դրական մթնոլորտով:

Իր այցելուներին դիմավորում է բարի ժպիտով ու սիրով: Ամեն անգամ արվեստանոց այցելելիս հիանում եմ վարպետի առույգությամբ, առողջ հումորով, կենսուրախությամբ… Նա շուտով կդառնա 90 տարեկան:

Նա Խաչատուր Իսկանդարյանն է: ՀՀ  ժողովրդական նկարիչ, վաստակավոր նկարիչ-քանդակագործ, իսկական երևանցի:

Բազում երկրներում է եղել, բայց Երևանը միակ թանկագին քաղաքն է, իսկապես որ իր սրտի մայրաքաղաքն է: Երևանի մասին խոսելիս աչքերը փայլում են. «Այն ժամանակ մարդիկ հարգում էին միմյանց, հեղինակավոր մարդիկ շատ կային, հիմա չգիտես ովքեր են Երևանի «տերերը»որտեղի՞ց են եկելինչե՞ր են անում  
քաղաքի հետ»:

Խաչատուր Իսկանդարյանը կարոտով է հիշում հին Երևանը, քաղաքի թաղերն ու փողոցները, մարդկանց, ովքեր կառուցեցին այս քաղաքը. «Երևանցիները կիրթ էին, աշխատասեր, իրենց քրտինքով էին վաստակում հանապազօրյա հացը…»:

Հենց հին Երևանի  կարոտն ու սերը նա արտահայտեց իր քանդակներում: Խաչատուր Իսկանդարյանը միակ քանդակագործն է, ով ստեղծել է հին Երևանին նվիրված մանրաքանդակների շարք՝ «Ջրավաճառ Զատիկը», «Թութ թափ տվողները», «Դանակ-մկրատ սրողը», «Երաժիշտները», «Երվանդի Ֆայտոնը» և այլն:

Հատկանշական է, որ դիտելով Գյումրիում տեղադրված Ավ. Իսահակյանի հուշարձանը՝ անվանի գրող Վիլյամ Սարոյանը թանգարանի հուշագրքում թողել է հետևյալ տողերը. «Ես մի օր պիտի մահանամ: Կուզեի թաղվել այստեղ, այս բակում, Իսահակյանի արձանի հայացքի տակ»:

Նա երբեք չի հոգնում ստեղծագործելուց. «Երբ քանդակից հոգնում եմ, զբաղվում եմ գեղանկարով կամ գրաֆիկայով…»:

Իսկ ճապոնացի հայտնի նկարիչ-գրաֆիկ Կամուո Սինկայը, Խ. Իսկանդարյանի արվեստանոցում դիտելով նրա աշխատանքները, գրել է. «Աշխատանքները թե՛ գույնով, թե՛ ոճով խորն են, ուժեղ տպավորություն են թողնում: Դուք մեծ ուժ եք ներկայացնում և՛ որպես քանդակագործ, և՛ որպես նկարիչ: Ես ուզում եմ ըմբռնել Ձեզ և ինձ հետ հայրենիք տանել ձեր աշխատասիրությունը, Ձեր նման բեղմնավոր լինել թե՛ քանդակագործության, թե՛ նկարչության մեջ››:

Մայր Թերեզայի քանդակն ու նախկին նախագահի սակարկումը

1988 թվականի ավերիչ երկրաշարժի պատճառով Հայաստանում էր Մայր Թերեզան: Մեծ գթամայրը եկել էր ցավակցելու, այդ ծանր օրերին հայերիս կողքին լինելու համար: Հենց երկրորդ այցելության ժամանակ էլ Խաչատուր Իսկանդարյանը քանդակեց Մայր Թերեզային. «Օդանավակայանում հանդիպեցի նրան, և իմ բախտից նրա ինքնաթիռը երկու ժամը ուշացավ: Այդ ընթացքում ես հասցրեցի աշխատել»:

Արդյունքում ծեր, իմաստուն, բարեգութ կնոջ քանդակը ստացվեց հրաշալի: Վարպետը մի քանի անգամ փորձեց այն ուղարկել  Հնդկաստան, բայց չստացվեց:

Տարիներ առաջ  տեղեկացավ, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանըպատրաստվում է պաշտոնական այց կատարել Հնդկաստան, զանգ տվեց նախագահական և պատմեց քանդակի մասին: Ռոբերտ Քոչարյանը եկավ արվեստանոց, հավանեց քանդակը, գին պայմանավորվեց: Մի քանի օր անց վարպետի արվեստանոց զանգ տվեցին: Զանգահարողը վարպետին առաջարկում էր ասված  5 հազար դոլարի փոխարեն վճարել 3 հազարը:

«Բարկացած կախեցի լսափողը: Մի՞թե չեն ամաչում, ո՞նց կարելի է…››,-վրդովված պատմում է նա:

Արհամարհանքի արժանացած Դերենիկ Դեմիրճյանը

Վարպետի անցած ուղին բեղուն է և ուշագրավ: Շատ են հետաքրքիր հիշողությունները, գեղեցիկ պատմությունները, բայց վիրավորվածությունը նունպես շատ է:

1977 թվականին Երևանի օղակաձև զբոսայգում տեղադրվեց մի հուշաքար՝ հետևյալ ծանուցումով՝ «Այստեղ տեղադրվելու է Դերենիկ Դեմիրճյանի հուշարձանը»: Այդ նպատակով 1983 թվականին Երևանի քաղաքային խորհուրդը հայտարարեց մրցույթ: Հաղթող ճանաչվեց (երկու անգամ հայտարարված մրցույթում) Խաչատուր  Իսկանդարյանը. Նրա ներկայացրած տարբերակը արժանացավ համընդհանուր հավանության: 2,5 մետր բարձրությամբ հուշարձանի գիպսե տարբերակն առ այսօր մաշվում է վարպետի արվեստանոցում: Արվեսատագետը գրել է Երևանի գրեթե բոլոր քաղաքապետերին, գրել է նաև քաղաքի խորհրդի նախագահներին, բայց ապարդյուն:

«Տարոն Մարգարյանին դեռ չեմ դիմել, հուսով եմ՝ գոնե նա  չի մերժի»,- ասում է վարպետն ու կարդում  Երևանի քաղաքապետարանի վարչության պետի տեղակալ Մ. Մարգարյանի պատասխանից մի հատված հատված. ‹‹Չարժե Դեմիրճյանին հուշարձան կանգնեցնել, հին գրող է, ավելի լավ գրողներ կան… ››:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել