Tert.am-ը գրում է.

Կարելի է արձանագրել, որ խորհրդարանում առկա քաղաքական ուժերի մեծամասնությունը դրական է գնահատում սահմանադրական բարեփոխումների փաթեթը։ Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Այնուհետև նա անդրադարձավ Սահմանադրության նախագծով ընդդիմությանը տրվող արտոնություններին։

«Եթե մենք յուրաքանչյուրս ընթերցենք սահմանադրական բարեփոխումների նոր տարբերակի «Ազգային ժողով» գլուխը և գործող Սահմանադրությունը, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Այս նոր տարբերակով ընդդիմության լիազորությունները անհամեմատ ավելի լայն են։ Ընդդիմությունը տարիներ շարունակ առաջարկել ու պահանջել է անցում կատարել խորհրդարանական համակարգին, ու բազում ընդդիմադիր կուսակցություններ իրենց նախընտրական ծրագրերում նշել են պառլամենտական համակարգին անցնելու անհրաժեշտությունը, որպեսզի մեկ կենտրոնից չկառավարվի ՀՀ-ն»,-ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը նաև նշեց, որ ընդդիմադիր կուսակցություններից շատերը միշտ խոսում էին, որ 41 մեծամասնական մանդատները իշխանության «բոնուսն» են և հնարավոր չէ, որ ընդդիմադիր գործիչները ընտրվեն այդ տեղերում։

«Մենք լսել ենք ընդդիմության մեր գործընկերների առաջարկները, և այսօր առաջարկվող նոր Սահմանադրական բարեփոխումների փաթեթով միայն համամասնական է լինելու ընտրակարգը։ Երրորդ՝ հիմնական սահմանադրական օրենքները ընդունվելու են ոչ թե պարզ մեծամասնությամբ, այլ  երեք հինգերորդով։ Այսինքն, առանց ընդդիմության հետ կոնսենսուսի հնարավոր չի լինի ընդունել օրենքներ և այլևս ընդդիմադիր գործիչները չեն կարողանա ասել, որ մեծամասնությունը իր ցանկացած ուզած օրենք բերում ու դակում է»,-ասաց նա։

ԱԺ փոխխոսնակն ընդգծեց, որ եթե այսօր ԱԺ երկու փոխխոսնակները խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներ են, ապա նոր Սահմանադրությամբ առաջարկվող երեք փոխխոսնակներից մեկը պետք է առաջարկվի ընդդիմության կողմից։

«Շատ կարևոր է, որ նրանք լինեն կառավարման համակարգում»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել