Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ այսօր կայացած Գործադիր մարմնի նիստում, որը վարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի նշանակման հարցը։

Այս մասին այսօր նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ նիստին ներկա է եղել նաև պատգամավորը։

«Հանրապետական կուսակցությունում դրական են տրամադրված ու դրական են գնահատում Արփինե Հովհաննիսյանի գործունեությունը։ Այսօր բացառապես քննարկել ենք նրա հարցը։ Նախագահը խորհրդակցել է գործադիր մարմնի անդամների հետ ու իր որոշումը կկայացնի»,-ասաց Էդուարդ Շարմազանովը։

Հարցին, թե այլևս չի քննարկվո՞ւմ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի նույն պաշտոնում նշանակելու հարցը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ լուրը շրջանառել է մամուլը և ինքը որևէ բան չի կարող ասել։ Այնուամենայնիվ, նա Արթուր Օսիկյանին պրոֆեսիոնալ գործիչ որակեց։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 14-ին ազատվել էր պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել