EXCLUSIVE 

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս օրերին հայրենիքում էր: Նրան սիրում են, նրանով հպարտանում, նրան հաճախ ընդգրկում են հայ ամենացանկալի փեսացուների տասնյակում, իսկ շատերն էլ համոզված են, որ նրա լավագույն խաղաքարտը համեստությունն է: Հայ երկրպագուների համար նա պարզապես «մեր Հենոն» էՉնայած Հենրիխ Մխիթարյանը հազվադեպ է հարցազրույց տալիս, բայց BlogNews.am-ին հաջողվել է զրուցել նրա հետ մեկնելուց առաջ:    

-Հենրիխ, երբ Հայաստանում եք լինում, ո՞րն է առաջին բանը, որ անում եք։

-Հասցնում եմ տուն գնալ։

-Դուք միշտ նշում եք, որ Ձեր հոբբիներից մեկն էլ զբոսնելն է։ Կար ժամանակ, երբ հաճախ էիք քայլում մայրաքաղաքի փողոցներով, արդյոք հիմա պահպանե՞լ եք այդ սովորույթը։

-Այո, իհարկե, միշտ էլ պահպանում եմ, միշտ էլ զբոսնում եմ և այդպես եմ կարոտս առնում Երևանից: Ամենից շատ կարոտում եմ ընկերներիս, ընտանիքիս անդամներին, հարազատներիս և իմ սիրելի վայրերը:

-Հետաքրքիր է՝ կա՞ հայկական ուտեստ, որ ամեն անգամ այստեղ գալուց կրկին համտեսում եք։

-Անկեղծ ասած, երբ հետ եմ գալիս, իմ հարազատները և ընկերներն այդ հարցում ինձ օգնում են, նրանք միշտ շատ համեղ բաներ են պատրաստում և ինձ հյուր են կանչում իրենց տուն:

-Եթե մի օր հնարավորություն լիներ, որ ունենայիք Ձեր սեփական թիմը, ապա ովքե՞ր կլինեին Ձեր խաղացողները։

-Իհարկե դեռ վաղ է թիմ հավաքելու մասին խոսել, քանի որ հուսով եմ՝ դեռ երկար տարիներ կխաղամ: Միայն խաղալը դադարեցնելուց հետո կորոշեմ, թե ում կկարողանամ հավաքել իմ թիմում:

-Գիտեմ՝ որ ընթերցասեր եք, դրա մասին բազում անգամներ եք նշել: Ներկա պահին ի՞նչ եք ընթերցում:

-Այո, միշտ կարդում եմ, ներկա պահին անգլերեն լեզվով եմ կարդում, գիրքը կոչվում է «The Inner Game of Tennis»։

-Թենիսո՞վ եք հետաքրքրվում։

-Ոչ, պարզապես բավականին լավ գիրք է: Այն նվեր եմ ստացել, և ինձ շատ հետաքրքրել է:

-Հայ երկրպագուները Ձեզ սովորել են ասել «մեր Հենոն», հետաքրքիր է՝ ամեն անգամ այդ վանկարկումները լսելով՝ ինչպիսի՞ էմոցիաներ եք ապրում։

-Ես կարող եմ ասել, որ անչափ ուրախ եմ, որ ինձ այդպես են անվանում, շատ հաճելի է, քանի որ ես հայ եմ և երջանիկ եմ, որ հենց հայ ազգն է ինձ այդպես անվանում։

-Ձեզ հաճախ են ընդգրկում հայ ամենացանկալի փեսացուների շարքում, արդյոք ամենացանկալի փեսացուներից մեկը չի՞ ցանկանում ընտանիք կազմել։

-Դա արդեն դուք կիմանաք (ծիծաղում է)։

-Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո ի՞նչ ապագա եք տեսնում Ձեզ համար։

-Անկեղծ ասած՝ դեռ չեմ մտածում, կարծում եմ՝ դեռ վաղ է դրա մասին մտածել, հիմա ավելի շատ կենտրոնացած եմ ֆուտբոլի վրա: Իսկ թե ինչով կզբաղվեմ հետագայում, պարզ կդառնա ֆուտբոլային կարիերայից հետո:

-Մի առիթով նշել էիք, որ չեք ցանկանա մարզիչ լինել, փոխարենը կցանկանաք ինչ-որ բիզնեսով զբաղվել: Փաստորեն, չե՞ք պատկերացնում Ձեզ մարզչի դերում։

-Այո, ճիշտ է, ասել եմ: Անկեղծ ասած՝ մարզչի գործը բավականին տանջալից է, դրա համար երևի թե չեմ դառնա մարզիչ, բայց, ինչպես ասում են, երբեք մի ասա երբեք, իսկ դրա համար դեռ մտածելու և որոշում կայացնելու բավական ժամանակ կա:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել