Դատելով Լավրովի՝ Բաքու կատարած այցի շրջանակներում արծարծված հարցերից՝ Ռուսաստանը ցանկանում է համոզել Ադրբեջանին, որպեսզի վերջինս զենքի նոր խոշոր խմբաքանակ ձեռք բերի: Համենայն դեպս, ի թիվս այլ հարցերի՝ Լավրովը քննարկել է Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Սվերդլովսկում կայանալիք ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին, իսկ նման միջոցառումները ոչ այլ ինչ են, քան զենքերի «բաց շուկաներ», որոնց շրջանակներում կնքվում են խոշոր պայմանագրեր և նոր պատվերներ:

Ունի՞ արդյոք Ռուսաստանն իրավունք՝ Ադրբեջանին կրկին մի քանի միլիարդ դոլարի զենք վաճառելու: Պրագմատիզմի ու քաղաքականություն նորմերի տեսակետից ունի՝ անկախ-սուվերեն պետություն է, ունի բազմաթիվ պայմանագրեր ու համագործակցության երկարամյա փորձ Ադրբեջանի հետ: Գումարած դրան՝ ռուսական տնտեսությունն արտարժույթի սուր պակաս է զգում, քանի որ դրա խոշորագույն կազմակերպությունները պատժամիջոցների պատճառով զրկվել են վարկերի համաշխարհային շուկայից օգտվելու հնարավորություններից, ու այս նեղ մաջալին մի քանի միլիարդ դոլարն ամենևին էլ չէր խանգարի:

Սակայն կա հարցի նաև բարոյական կողմը, որը հասկանալի է ցանկացած հայի համար: Սա ընկալվում է որպես դավաճանություն, իսկ եթե ընտրվել է նոր քաղաքական կուրս, որով անտեսվում են հարցերի բարոյական կողմերն ու գերակա են դառնում պետական միակողմանի շահն ու պրագմատիզմը, ապա մեզ դա նոր հնարավորություն է ընձեռում: Մասնավորապես, մեր պետական շահերից էլ բխում է կարգի հրավիրել ռուսական ընկերություններին մեր երկրում ու, օրինակ, ազգայնացնել «ՀԷՑ»-ն ու «Գազպրոմ Արմենիան», ինչպես նաև վերսկսել բանակցություններն Իրանի հետ՝ ավելի մեծ տարողունակությամբ գազատարի շինարարության ու, ինչո՞ւ ոչ, իրանական գազի համար տարանցիկ երկիր դառնալու համար:

Սա ֆանտաստիկայի ժանրից չէ, իրականում այս ամենը լավ էլ հնարավոր է, պարզապես դրա համար պետք է որ մեր պետական այրերը, ովքեր պատասխանատու են արտաքին քաղաքականության համար, բավարար վճռականություն դրսևորեն ու ավելի խրոխտ լինեն մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները կառուցելիս: Միշտ աչքներիդ տակ ունեցեք Բելառուսի օրինակն ու տեսեք, թե ինչ արդյունավետ է այդ երկիրը կիրառում մտրակի ու կոնֆետի ռազմավարությունը ռուսների հանդեպ: Ո՞վ է ասել, որ մենք չենք կարող անել այդպես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել