Անաիս Սարդարյանը, Լևս Դավթյանը և Սոնա Մաթևոսյանն այս ամիս կբացեն դպրոց-ստուդիա, որը կոչվելու է համալսարանական ընկերների լսարանի անունով՝ «410»։ BlogNews.am-ի հետ զրույցում Անաիսն ասաց, որ մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում նոր աշխատանքին։

«Ուզում եմ շեշտել, որ մեր ստուդիան սիրողական է։ Բնականաբար, այն Թատերական ինստիտուտին համարժեք գիտելիք չի տալու։ Կան մարդիկ, ովքեր ցանկանում են տիրապետել բեմական խոսքին, դերասանական  վարպետությանը, սակայն տարիքը թույլ չի տալիս սովորել ինստիտուտում, սա կարող է նրանց համար նախապատրաստական կրթություն լինել։ Ես ունեմ մագիստրոսի կոչում և կարող էի դասավանդել Թատերական ինստիտուտում, ինչպես իմ կուրսընկերներից շատերն են արել, սակայն  չընտրեցի այդ ճանապարհը, քանի որ ժամանակս սուղ էր»,- ասաց Անաիսն ու հավելեց, որ Լևսն ու Սոնան նույնպես շատ պատրաստված են։ «Օրինակ՝ Սոնան նոր է վերադարձել Մոսկվայից, որտեղ վերապատրաստվել է և շատ լուրջ դպրոց անցել, իր հետ բերել է մասնագիտական գրքեր, որոնք չկան Հայաստանում»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է ստուդիայի գնային քաղաքականությանը՝ Անաիսը հայտնեց, որ իրենք այս դպրոցի միջոցով գումար աշխատելու նպատակ չունեն։ Անդրադառնալով հարցին, որ որոշ հայտնի մարդկանց ստուդիաներում վճարը շատ ավելի թանկ է, քան Թատերական ինստիտուտում, Անաիսն ասաց. «Մեզ մոտ նման թվեր չեն լինելու։ Այդ հարցերով հիմնականում Լևսն է զբաղվում, սակայն հստակ կարող եմ ասել, որ մեզ մոտ այդպիսի գներ չեն գործելու։ Նախնական տվյալներով ամսավճարը լինելու է 20.000 դրամ՝ շաբաթական 2 պարապմունքի դեպքում։ Ես ուզում եմ ընկերներիս հետ հետաքրքրիր մի բանով զբաղվել, և եթե կարողանանք փոքր սերնդին ինչ-որ բան տալ, միայն ուրախ կլինենք»։

Անաիսը դեր է ստացել նաև «Գլամուրային չոբանները» ներկայացման մեջ։ Նա ներկայանալու  է դերասանուհի Նաիրա Մովսիսյանի փոխարեն, քանի որ վերջինը բալիկի է սպասում։ «Այս կերպարը բավականին աշխույժ է, թեև չեմ կասկածում, որ նա այժմ էլ կարող է շատ լավ խաղալ այս դերը»,- ասաց  Անաիսն ու հավելեց, որ ռեժիսոր Կարո Բալյանն իրեն չի տվել Նառա Թումասյանի մասնակցությամբ ներկայացման տեսագրությունը, որպեսզի ակամա նմանությունններ չլինեն: «Մենք ռեժիսորի հետ զրոյից ենք կերտել կերպարը։ «Խոպանի տեսությունը» սիթքոմում զբաղվածությունս շատ մեծ է, և այս փուլում նույնիսկ թատերական շատ ներկայացումներից եմ հրաժարվել, սակայն «Գլամուրային չոբաններում» համաձայնեցի խաղալ, քանի որ ներկայանալու եմ իմ շատ սիրելի դերասանների, այդ թվում՝ իմ մոտ ընկերոջ՝ Լևոն Հարությունյանի հետ։ Մինչև վերջին պահը նրան չէինք ասել, որ ես եմ խաղալու այդ դերը, որպեսզի անակնկալ լիներ, ի վերջո, գովազդից իմացավ:)»,- ասաց դերասանուհին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել