Երգչուհի Արևիկ Ալավերդյանն ամուսնությունից հետո բնակություն հաստատեց  Ֆրանսիայում: Վերջերս լուրեր էին տարածվել, իբր երգչուհին սպասում է իր առաջնեկին, նա հերքեց այս լուրը, ինչպես նաև պատասխանեց BlogNews.am-ի մի քանի հարցերին: Շուտով Արևիկը մորաքույր կդառնա, քանի որ ծնվելու է քրոջ՝ Անուշիկ Ալավերդյանի դուստրը. «Այո՛, շուտով փոքրիկ հրաշքի մորաքույր կդառնամ: Շատ ենք սպասում մեր աղջկան: Իհարկե, ես նույնպես երազում եմ վայելել այդ երջանկությունը և հուսով եմ՝ Աստված շուտով նաև մեզ կերջանկացնի: Դրանից ես շատ ավելի երջանիկ կլինեմ»:  

Արևիկի կարծիքով՝ երեխա ունենալը շատ մեծ պատասխանատվություն է, և զույգը պետք է պատրաստ լինի ծնող դառնալուն. «Մենք ամուսնացած ենք արդեն երեք տարի, սկզբնական շրջանում ինքս չէի ուզում մայրանալ, բայց կամաց-կամաց ինձ համակեց այդ ցանկությունը»:

Արևիկի համար երեխայի սեռը կարևոր չէ, շատ ավելի կարևոր է, որ առողջ բալիկ լինի: Նա անգամ պատրաստ է գիշերները չքնել և խնամել փոքրիկին. «Անկեղծ ասած, անհամբեր սպասում եմ այն պահին, թե երբ կսկսեմ բալիկիս համար հագուստ գնել»:

Վերջում Արևիկին խնդրեցինք հիշել այն կարևոր խորհուրդը, որ մայրն է տվել նրան ժամանակին, իսկ նա էլ կտա իր փոքրիկին. «Խորհուրդներ շատ են եղել, ես կամակոր երեխա եմ եղել, բայց փոքրուց մեր մեջ սերմանել են, որ մարդկանց նկատմամբ պետք է լինել բարի, ազնիվ, նաև լինել հայրենասեր: Ես էլ ամեն ինչ կանեմ, որ ապագա երեխաներս լինեն հայրենասեր, լավ և օգտակար մարդ դառնան հասարակության համար, մանավանդ որ նրանք օտար երկրում են մեծանալու»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել