Tert.am-ը գրում է.

Ազգային-ազատագրական պայքար սկսելու որոշումն էր, որ Արցախին բերեց անկախացման և երկու հայկական պետությունների կայացման։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հույս հայտնելով, որ ապագայում ուժեղանալով ու զորանալով Արցախը հասնելու է միջազգային ճանաչման ու ունենալու է անկախության մեկ տոն երկու հայկական պետությունների միավորման ժամանակ։

«Իսկապես առաջին փուլը եղել է ազգային-ազատագրական, բայց այսօր Արցախը թևակոխել է պետական շինարարության փուլ և այդ գործընթացում ունի հաջողություններ, որոնք օրինակելի են շատ պետությունների համար։ Իրականում, ընդհանուր իմաստով, հայկական անվտանգությունն սկսվում է հենց Արցախի առաջնագծից, ես կասեի նույնիսկ, որ եվրոպական քաղաքակրթության առաջնագիծն է Արցախը, որովհետև այն նույնպես պատկանում է եվրոպական ընտանիքին։ Այսօրվա դրությամբ արցախցիներն ու բոլոր հայերը առաջնագծի պաշտպանությունն իրականացնում են պատվով։ Հույս ունեմ, որ ապագայում Արցախը կլինի ճանաչված պետություն ու կունենանք մեկ միասնական Հայաստան»,-ասաց նա։

Անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման հարցին, Թևան Պողոսյանը նշեց, որ ցանկացած հարցի կարգավորման հեռանկարը կախված են հետևողական քայլերից՝  թույլ չտալով, որ ուրիշի շահերը բավարարվեն։

«Եթե մենք կարողանանք ստեղծել հզոր տնտեսություն, բնականաբար հեռանկարները  լինելու են հայանպաստ։ Եթե չկարողանանք ինքներս մեր առջև դրված խնդիրները ապահովենք՝ չունենանք հզոր բանակ, ժողովրդավար երկիր, ուժեղ տնտեսություն, կունենանք դժվարություն մեր շահերը առաջ տանելու»,– ասաց նա։

«Այսօրվա դրությամբ Արցախում արվող քայլերը նպաստում են նրան, որ այն օրեցօր ավելի գտնի իր միջազգային ճանաչումը։ Տարեցտարի և՛ միջազգային տուրիզմն է այնտեղ ավելանում, և՛ ներքին տուրիզմը, դրա հետ միասին Արցախը սկսում է իր տնտեսությունը զարգացնել՝ գյուղատնտեսության մեջ հատկապես։ Բնականաբար, գալու է այն գիտակցությունը, որ Արցախի հետ պետք է նստել սեղանի շուրջ ու հաշվի առնել նրա կարծիքը»,-ընդգծեց պատգամավորը։

Թևան Պողոսյանը նաև նշեց, որ թշնամիները փորձում են ԼՂ խնդիրը սխալ ներկայացնել միջազգային ատյաններում, բայց մենք պետք է հարթենք մեզ համար ճանապարհ, ինչպես դիվանագիտական ճանապարհով, այնպես էլ հզոր բանակ ունենալով։

«Պետք է գիտակցենք, որ պատերազմը չի ավարտվել։ Այսօր առաջնագծում ռեալ պատերազմական գործողություններ են ընթանում։ Պետք է թույլ չտանք, որ ռազմական դաշտում ունենանք անհաջողություններ, այսօրվա դրությամբ մեր բանակը լիարժեք կատարում է իր խնդիրը։ Սա ճանապարհ է հարթում, որ դիվանագիտությունն աշխատի»,-ասաց նա։ 

Թևան Պողոսյանն ընդգծեց, որ Արցախի լուծման ճանապարհին կարևորը երբեք չհոգնելն ու համառ ջանքեր ներդնելն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել