Վանաձորյան բացօթյա առևտրի կետերից մեկում մի տարեց կին էր օրերս լոլիկ ջոկջկում՝ փոքր-ինչ տանելի վիճակում գտնվող լոլիկներ հայտնաբերելու համար, բայց վաճառողի համբերությունը հատավ ջոկջկելու գործընթացից, ու նա դիտողություն արեց կնոջը: Ի պատասխան վերջինս թե՝ «Բա չտենա՞մ՝ ինչ եմ առնում, էն օրն էլի ստեղից առա, մեջը լիքը կոշտեր էին»: «Հիմի էդ ա, ուզում ես՝ առ, չես ուզում՝ մի առ»,- վաճառողի անտարբեր տոնն ավելի հրահրեց կնոջն, ու նա շպրտեց գնելիքները վաճառակետին ու պատրաստվեց հեռանալ: «Էն ա՝ լավ էլ արիր, շուտ պետք ա գնացած ըլնեիր, էլ դու իմ մոտից առևտուր չանես»,- ամփոփեց վաճառողը՝ անորակ ու չվաճառված լոլիկի «ջիգրն» այդ կերպ հանելով: Սա գնորդի հանդեպ տարրական հարգանքի բացակայության հերթական դրսևորումն էր, սակայն հարցի մեկ այլ կողմն է այն, թե որտեղից են շուկայում հայտնվում անորակ ու կասկածելի լոլիկներ՝ չափից դուրս պինդ կեղևներով, կոշտ միջուկներով, ներսից սպիտակին տվող շերտերով, իսկ երբեմն էլ սևանալուն հակված: Բողոքներ էլ եղել են անգամ հեռուստաեթերից, որ հաճախ լոլիկներից ձկնահամ է գալիս: Ի՞նչ քիմիկատներ են օգտագործում այն աճեցնելիս: Արդեն մի քանի տարի է՝ սպառողները դժգոհում են շուկայում վաճառվող լոլիկների որակից: Մի գնորդ էլ ալերգիա էր ստացել դառնահամ լոլիկ ուտելուց: Շուկայում հաճախ վաճառվող լոլիկների վրա գրություն է լինում՝ «քաղցր», բայց երբեք չենք հանդիպել, որ գրեն՝ «դառը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել