Երբ խոսվում է կոռուպցիայի հաղթահարման եղանակների մասին, հաճախ նշվում է, որ դրան հասնելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը պաշտոնյաների օրինական եկամուտները բարձրացնելն է: Այլ կերպ ասած՝ գործում է այս տրամաբանությունը. պաշտոնյան եթե բարձր աշխատավարձ ստանա, շահագրգռված չի լինի գնալու ռիսկի ու վտանգելու իր կայուն բարձր եկամուտը՝ կաշառք վերցնելով, որովհետև կարող է բռնվել:

Սակայն սա թերի տրամաբանություն է, ու եթե պարզապես բարձրացնում են պետպաշտոնյայի աշխատավարձը, դա դեռ ոչինչ է, եթե դրանից զատ չկա անխուսափելի թվացող ռեպրեսիվ մեխանիզմ: Այսինքն, եթե երկրում գործում է խիստ կոռումպացված համակարգ, ապա այդ արատավոր շրջանից դուրս գալու համար բավարար չէ միայն բարձրացնել չինովնիկների աշխատավարձը, պետք է անպայմանորեն ու ցուցադրաբար դատել մի քանի բարձրաստիճան կոռուպցիոների, որպեսզի ինչ-որ արդյունք լինի: Հակառակ դեպքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ ցածր աշխատավարձ ստացող կաշառակերը դառնում է բարձր աշխատավարձ ստացող կաշառակեր:

Խնդրեմ, կոնկրետ օրինակներով խոոսենք: Ներկայումս Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ ստացողները դատավորներն են, մինչդեռ «Հայկական ժամանակի» հաղորդմամբ՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կինը ձեռք է բերել մոտ 29 միլիոն դրամ արժողությամբ տուն: Եվ դա այն պարագայում, երբ նրա եկամուտների հաշվետվությունից երևում է, որ նրա բանկային հաշվին եղել է ընդամենը 30.000 դոլար, այսինքն՝ 15 միլիոն դրամի կարգի, ու մոտ 5 միլիոն էլ ստացվել է հողամասի վաճառքից: Մի կողմ դնենք այն նուրբ հարցը, թե այդ որտեղից դատավորի կնոջը 30.000 դոլարը, խոսենք ավելի մակերեսային. որտեղի՞ց, այնուամենայնիվ, պակասող 9 միլիոն դրամը:

Ես, իհարկե, հասկանում եմ, որ հարկ եղած դեպքում այնպիսի կրեատիվ ու ոչ այնքան կրեատիվ կռուտիտներ կարող են անել, որ մեր իրականության պայմաններում ոչ մի պատասխանատվության էլ չեն ենթարկվի, բայց իմ կարծիքով՝ առնվազն կոռուպցիայի հոտ է գալիս մի իրավիճակից, երբ դատավորը կամ նրա ընտանիքի անդամները կատարում են գնումներ, որոնք գերազանցում են նրա մի քանի տարվա եկամուտները, այն էլ բացարձակապես չծախսելու պարագայում:

Վերցրեք ցանկացած զարգացած երկիր, որտեղ գործում է օրենքը, ու տեսեք, թե ինչ է լինում ցանկացած չինովնիկի հետ, որը հայտնվում է նման իրավիճակներում: Նախևառաջ, նրանով հետաքրքրվում են հարկային մարմինները, որոնց, անկասկած, հուզում է, թե ինչպես կարող է օդից փող գոյանալ ու նույնիսկ եթե կարող է, ապա արդյո՞ք այդ գումարը հարկվել է: Սա լավագույն դեպքում, իսկ եթե ինչ-որ բան այն չէ, հարկայինից բացի, գործով հետաքրքրվում են հակակոռուպցիոն գործունեությամբ զբաղվող պատկան մարմինները, ու, որպես կանոն, հետևում է հրաժարական՝ հաճախ զուգորդված քրեական գործով ու ազատազրկմամբ:

Բայց դե, մենք հո հասկանո՞ւմ ենք, որ սա Հայաստանն է և վերջ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել