Եթե սեպտեմբերի 10-ին 41-ի փոխարեն վճարման կտրոնի վրա գրված լինի 49, ի՞նչ ենք անելու:
Այս պահին հասարակական խմբերն ու ֆբ օգտատերերը ինչպես կկազմակերպեն պայքարը, ով ում ու որքան խրատ, հայհոյանք, սթափվելու կոչ կանի, դա նորմալ և սպասված գործընթաց է: 
Ի վերջո, ֆեյսբուքում կիրառվող տեխնոլոգիաներն անգամ ի զորու չեն լինի 10 օր անց ժողովրդին հանդարտեցնելու:
Մինչ այս պահը ես լսել եմ միայն մի պաշտոնական հայտարարություն: Այն է՝ հոսանքը օգոստոսի 1-ից թանկանալու է 7 դրամով: Դրանից հետո հնչող, ի դեպ՝ պաշտոնյաների կողմից, շատ հաճախ իրարամերժ հայտարարությունները մեղմ ասած վստահություն չեն ներշնչում: Չնայած` երբեք իշխանությունների որևէ ժողովրդահաճո հայտարարության չեմ հավատացել, բայց և այնպես դեռ 10 օր ունեմ, որպեսզի համոզվեմ, որ այս անգամ ևս գործել է վերին էշելոնի կողմից փափուկ բարձի և մանր-մունր քարոզիչների կողմից ժողովրդին խաբելու քաղաքականությունը: Այն արդեն տեսանելի է, քանի որ նրանց կողմից շրջանառության մեջ արդեն մտցվել է խոշոր բիզնեսի և ՓՄՁ-ների համար սակագնի թանկացման մասին լուրը: Բաղրամյանում հավաքված ժողովուրդը, իմիջիայլոց, պահանջում էր հոսանքի թանկացման որոշման կասեցում, ոչ թե տարբերակված մոտեցում, քանի որ բիզնեսի համար հոսանքի թանկացումը հանգեցնելու է ապրանքների թանկացմանը: Այս թեման այնքան է քննարկվել, որ իմաստ էլ չունի մանրամասնելու:
Այդուհանդերձ, ես լուրջ կասկածներ ունեմ, որ տհաճ անակնկալ կարող ենք ունենալ արդեն սեպտեմբերի 10-ին, երբ վճարման անդորրագրերի վրա 41-ի փոխարեն գրված լինի 49 թեկուզ, եթե ոչ սովորական սպառողների, ապա հաստատ՝ բիզնես տարածքների մասով, որից բխող էֆեկտը կանխազգալն այդքան էլ դժվար չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել