Այսօր սեպտեմբերի 1-ն է` Գիտելիքի միջազգային օրը: Ոմանց համար սեպտեմբերի 1-ը քայլ է դեպի նոր աշխարհ ճանապարհին, ոմանց համար էլ` հաճելի հիշողությունների օր: Օրվա լրահոսին հետևելիս ու հուզված դպրոցականների լուսանկարները դիտելիս ակամայից   մտովի տեղափոխում ենք դեպի մեր առաջին սեպտեմբերի 1 և դպրոցական պայծառ օրեր:

Այսօր BlogNews.am-ը փորձել է հավաքել Ֆեյսբուքի օգտատերի հուշերը և ներկայացնել ձեզ: 

Առաջինը ներկայացնում ենք ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հիշողությունները: 

«Հիշում եմ, որ երկար էինք նախապատրաստվում, ամբողջ ամառ ծնողներս մտածում էին, թե ինչ հագուստով պետք է գնամ: Հագուստն ընտրվեց շատ դժվարությամբ, ընտրվեց շորտիկ, բավականին ցուրտ էր: Վստահաբար չեմ լացել և ծնողներիս չեմ փնտրել:

Ես շատ սիրում էի իմ դպրոցը և մեծ հաճույքով եմ գնացել դասի:

Հիշում եմ՝ ում կողքին էի նստել այդ օրը: Քանի որ ես դասարանի ամենաբոյովներից էի և թիկնեղ, ինձ նստեցրեցին մի շատ բոյով աղջկա հետ, ում հետ մենք ութ տարի կողք կողքի ենք նստել և, ի դեպ, ամենաահետևի նստարանին: Ամենաերջանիկ օրերին էին վստահաբար:

Շատ շնորհակալ եմ իմ առաջին դասարանի դասվարին՝ Լյուդմիլա Արտյոմովնային, և սեպտեմբերի 1-ին առաջին անգամ դպրոց գնացող երեխաներին կարելի է բարի նախանձով նախանձել»: 

Իր դպրոցական տարիներն է հիշել նաև Արմեն Դուլյանը: Պարզվում է` նա երբեք չի սիրել դպրոցը, ավելին` ատել է:

«Առաջին օրվանից ատելություն առաջացավ դպրոցի նկատմամբ... Հետո ամիսներով դպրոց չէի հաճախում, գնում էի, ման էի գալիս Երևանով մեկ, մինչև ծնողներս իմացան, սկանդալ... Ու մինչև հիմա ատում եմ դպրոցը...»:




Իսկ ահա տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի համար դպրոցը  սպասված է եղել միայն առաջին տարին.  «Ես սեպտեմբերի մեկին շատ էի սպասում։ Ծնողներս էլ, կարծում եմ։ Երևի էնքան բոլորս հուզվեցինք, որ ուշ զարթնեցինք ու հազիվհազ հասանք արարողության վերջերին։ Ամենաշատն էդ օրն ինձ ցնցեցին տասներորդ դասարանցիները, ովքեր մեզ ընդունում էին դպրոց։ Ինձ թվում էր, որ իրենք հսկաներ են, ու ամեն մեկի գլխի շուրջ լուսապսակ է։ Տենց, համարյա կրոնական զգացմունքներով մտա դպրոց։ Հետո սկսվեց մեթոդիկ աշխատանք՝ բոլոր դրական զգացմունքների ոչնչացման, կրթական համակարգը կարծես ստեղծված լիներ երեխաների գիտակից թշնամիների կողմից։ Բայց դե մեկ է, փորձում եմ լավ պահերը հիշել դպրոցից։ Օրինակ՝ ոնց էինք դասերից փախչում»: 

Գայանե Հովսեփյանը հիշում է. «Ես այն սերնդից եմ, ովքեր դպրոցում օգտագործել են թանաք և գրիչ մինչև 5-6-րդ դասարանը՝ 1970-72 թվերը, քանի դեռ ինքնահոս գրիչները մուտք չէին գործել: Ես այն սերնդից եմ, ովքեր մազերին սպիտակ ժապավենով են դպրոց գնացել, սպիտակ գոգնոց կապել դպրոցական համազգեստին, սպիտակ կիսագուլպաներ հագել սեպտեմբերի մեկին ու սև թևնոց կապել, որ նստարանին հենվելիս թևքերը չկեղտոտվեն: Ես այն սերնդից եմ, ով պարտադրված էր դպրոցական պայուսակի հետ նաև տոպրակով հողաթափեր տանել դպրոց, որպեսզի դպրոցի պարկետի «մաստիկան» չփչանա... ով «Հոկտեմբերիկ» ընդունվելիս մեծագույն բերկրանք է զգացել, հուզվել կարմիր վզկապ կապելիս, բայց բարձր դասարաններում դասերից հետո ու առաջ վզկապը թաքցրել պայուսակում՝ նեղվելով դրա ներկայությունից: Ես այն սերնդից եմ, ով մինչև միջին դասարանները միամտաբար կարծում էր, թե ուսուցիչները հաց չեն ուտում... Կեցցե սեպտեմբերի մեկը...»:

Հարություն Մնացականյանը, հիշելով իր դպրոցական օրերը, համեմատականներ է անցկացնում մեր օրերի հետ.

«1988 թվական, 27 տարի առաջ նորակառույց դպրոցի առաջին առաջին դասարանցիներն էինք: Մենք այբբենարանի հանդես այդպես էլ չարեցինք, քանի որ տառաճանաչ դառնալուց հետո տեսանք առաջին արհավիրքը՝ դեկտեմբերի 7: Հետո մեր դասարանցիներից մեկը, որին բոլորդ գիտեք, հրաժարվեց սովորել Լենին պապիկի թեմայով ցանկացած դաս, և մեր ուսուցչուհին դրան շատ նորմալ էր վերաբերվում ու 2 չէր նշանակում, իսկ մեր զարմացական հարցին ոչինչ չէր պատասխանում: Հետո տարօրինակ շարժ էինք զգում դպրոցում: Դասերից հետո դահլիճում տեսնում էինք հավաքված մարդկանց, ովքեր ինչ-որ բան էին խոսում, բռունցքները վեր պարզում ու «մեր հայրենիքը» լսում, իմ արև, բան չէի հասկանում, մեզ էլ ոչ մեկ բան չէր ասում: Հետո հանրաքվե, արդեն 3-րդ դասարանում էինք, ուղեղներս ինչ-որ բան հասնում էր, առավոտից երեկո ընտրատեղամասում 10 դասարանի տղերքը եռագույնն էին ծածանում, մինչև ավարտվեց, դե գիտեք՝ որ օրն էր: Պատերազմ: Չէինք պատկերացնում՝ դա ինչ է, մեզ համար կռիվ կինոյի նման բան էր, ուղղակի իրական էինք տեսնում, թե ոնց են ջոկատ կազմում, զենքերն առնում, գնում: Դրա ահավորությունը զգացինք այն ժամանակ, երբ մի քանի օր ընդմիջումներով սկսեցին բերել ամենահարգված տղերքի դիակները՝ 6 հոգի: Իրենց մեջ էր իմ ավագ ընկերը ՝ Աշոտը, չախկալ, որն ինձ լողալ էր սովորեցրել: Մութ ու ցուրտ տարիներ, շրջափակում: Հացը կտրոնով էր՝ 200 գրամ մի հոգին: Նույնիսկ շան կեր ներմուծեցին, չորացրած մսի տեղ ծախեցին ժողովրդին՝ ժամկետանց: Թաղի կնանիք դրանից դոլմա էին սարքում: Կիլոմետրերով հացի հերթ ու անխնա հատվող ծառեր: Որոշեցի դառնալ բնապահպան՝ փրկել մեր թաղի ծառերը: Մոտեցա ծառը հատող Արթուրիկին ու խիստ չթողեցի, իսկ նա կացինով հարձակվեց վրաս՝ ասելով, որ չթողեմ, վիզզ կկտրի, բա կարող ա՞ իմ պատճառով անկողին ընկած մայրը չկարողանա տաքանալ: Այ այդ օրն էլ հասկացա, որ մինչև ծառերն ու կենդանիներն ավելի բարձր արժեքներ կան: Մոմի տակ սովորած դասեր, բլեյանական գրքեր և այսպես մինչև 2003 թվական:
Ու էսքանից հետո էս նոր սերունդը թող մի րոպե փորձի համոզել, որ իր դպրոցական տարիները շատ դժվար են: 
Հա, քիչ էր մնում մոռանայի, այդ ծանր տարիներին մեր դասարանում 14 հոգին սովորում էին գերազանց, որոնցից 12-ն ընդունվեցին ԲՈՒՀ
»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել