Էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ աղմուկից հետո որոշվել էր ՀԷՑ-ում իրականացնել աուդիտ՝ ներքին խնդիրները պարզելու համար: 
Սա, բնականաբար, մեկ-երկու օրվա խնդիր չէր, և որոշվեց մինչև ռուսական ընկերությունում իրականացվող աուդիտի արդյունքների ամփոփումը սուբսիդավորել բնակչության ծախսած հոսանքն արտաբյուջեից:

Սա, բնականաբար, իր հետ առաջ քաշեց մի շարք հարցեր: Մասնավորապես, անհայտ էր ՓՄՁ և խոշոր ձեռնարկատերերի ճակատագրերը. սուբսիդավորվելո՞ւ են, թե՞ ոչ: 
ՓՄՁ-ի մասով երեկ ամեն ինչ հստակեցվեց: Մասնավորապես՝ որոշվեց, որ 2015թ. օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը սպառած էլեկտրական էներգիայի մասով օգոստոսի 1-ից գործող սակագները մեղմացնելու համար բնակչության և 0,38 կՎ լարմամբ՝ ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների օգտին սուբսիդավորել 6,93 դրամ/կՎտժ չափով:

Ինչ վերաբերում է խոշորներին, ապա պետությունը շարունակում է պահպանել որդեգրած քաղաքականությունը՝ չփոխհատուցել ծախսած հոսանքի գումարները: 
Այս մասով պետք է նշենք, որ որոշումն արդարացի էր: Խոշորներն առանց այն էլ գործում են գերշահույթով, արդյո՞ք կարիք կա նրանց համար հավելյալ գումար դուրս գրել պետբյուջեից:

Մեկ խոշոր բիզնեսի ծախսած էլեկտրաէներգիան հավասարազոր է հարյուրավոր ընտանիքների սպառած հոսանքին: Ակնհայտ է, որ, վերջիններիս չփոխհատուցելով, հնարավոր կլինի հարկ եղած դեպքում երկարացնել բնակչությանն ու ՓՄՁ-ներին սուբսիդավորելու ժամկետները:

Բացի դա, եկեք համաձայնենք, որ 6.93 դրամ թանկացումն էական ազդեցություն չի ունենա խոշորների աշխատանքների վրա, ավելին՝ չի կարող հիմք հանդիսանալ ապրանքների թանկացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել