Tert.am-ը գրում է.

Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցը այսօր փուչիկներով, տոնական երգուպարով ընդունեց առաջին դասարանցիներին: Դպրոցում առաջին քայլեր անող փոքրիկներն էլ եկել էին ծաղիկներով ու լայն ժպիտներով:

Բացի աշակերտներից, ուսուցիչներից ու ծնողներից, դպրոց էին եկել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ պաշտոնյաներ:

Նրանք ուշադրությամբ հետևում էին երեխաների կողմից կատարվող երգերին ու պարերին:

Հանդիսավոր արարողության վերջում  ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Լուսինե Դանիելյանը: Նա նշեց, որ ուսուցիչների խնդիրն է այսօր դաստիարակել այնպիսի սերունդ, որ սիրի իր լեզուն, իր ժողովրդին:

«Սիրելի դպրոցականներ, խնդրում եմ հիշե՛ք, որ ձեր արմատները 1000 թելերով կապված են այս հողին, այս հրաշք առեղծվածային երկիրը արևի ոգի է շնչում ու գիտության լույս է ճառագում: Շատ սիրելի առաջին դասարանցիներ, եղե՛ք ուշադիր, ուշիմ ու աշխատասեր: Մաղթում եմ, որ ձեր յուրաքանչյուր առավոտը բացվի արևի դեղինով ու երկնքի լազուրով»,-ասաց նա:

Այնուհետև ելույթ ունեցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և նշեց, որ ինքը եկել է շնորհավորելու աշակերտներին ու ժողովրդին Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ:

«Այսօր մեզ համար կարևոր օր է, այսօր այն օրն է, որ մենք պետք է տպավորություն ստեղծենք մեր առաջին դասարանցիների մոտ, որ իրենց կյանքում սա ամենակարևոր ու հիշարժան քայլն է: Ես հուսով եմ և վստահ եմ, որ մեր մանկավարժները ամեն ինչ կանեն, որ կրթեն ու դաստիարակեն մատաղ սերնդին հավուր պատշաճի: Մեր ապագան գիտելիքն է, ամեն ինչ պետք է անենք, որ մեր դպրոցներում ուսուցումը լինի բարձր որակի»,- ասաց նա:

Վարչապետի խոսքից հետո աշակերտները երկինք բաց թողեցին փուչիկները և առաջին զանգի ղողանջների ներքո իրենց ուսուցիչների հետ գնացին դասարաններ:
 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել