Բաղրամյան պողոտայում մեր երիտասարդները ցույց տվին, որ կան ու լրիվ կուլ չեն գնացել սուտ լիբերալիզմին ու «ոսկե հորթի» իրական պաշտամունքին: Շատերս ոգևորվեցինք նրանց անանձնական պահվածքով, բայց հետոյի դեպքերը տագնապալի են: Նույն «բաղրամյանականներից» մեկը կողոպուտի համար է բռնվում, մյուսը՝ սպանության, մի ուրիշը, «մայդանիզմ» կապկելով, պագրիշկեքը քաշ է տալիս հանրապետության գլխավոր հրապարակ, որ վառի, մի չորրորդը հայհոյում է ոստիկանին՝ ակնհայտորեն սադրելով… Եվ այսպես շարունակ… Հիմա էլ ահ են տալիս, թե փողոցային (բառիս հենց ձեր իմացած իմաստով) դրսևորումներով հարամելու են սեպտեմբերի 1-ը: Շատ է հիշեցնում ժիլետամորուքավոր «հեղափոխականի»՝ ապրիլի 24-ը հարամելու սպառնալիքը: Անընդհատ նույն ձեռագիրը, նույն ոճը, անծրագիր-անգաղափարների՝ մանր խժդժություններով ուշադրության կենտրոնում մնալու ջանքը: Բայց երեխաների տոնը մնդռելո՞ւ գնով: Չէ՞ որ էդ նույն երեխաների՝ մեր ապագայի անունից են խոսում ու իբր հանուն նրանց պայքարում, Հայաստանի իբր փրկությունից են խոսում ու փողոցային դրսևորումներով աղավաղում են Հայաստանի դեմքը: Տուրիստների աչքում չէ, տուրիստներն ինձ չեն հետաքրքրում. եկել են, գնալու են: Մե՛ր աչքում. որովհետև եթե օրենքը, համակեցությունը, տարրական բարոյականությունը ոտնահարելը քեզ թույլատրելի եղավ, ինձ համար էլ է թույլատրելի դառնալու: Որովհետև եթե երեխան տեսավ, որ իր առաջին զանգի լուսավոր օրը մնդռելը հերոսություն է, վաղն էլ ինքն է մնդռելու: Նայեք Ուկրաինային. երկու տարի առաջ թույլատրվեց կրակել իբր վեհ նպատակների համար, էսօր արդեն մարտական նռնակ պայթեցրին Ռադայի մոտ, զոհեր ու տասնյակ վիրավորներ կան: Մի անգամ թույլատրված ապօրինությունն ապօրինություններ է ծննդաբերում: Ինչ վերաբերում է Բաղրամյանի պայծառ երիտասարդությանը, ուրախալի մի բան եմ նկատում, որ էս ժիլետամորուքավորներն էնտեղ մարգինալ էին ու հիմա էլ մարգինալ են ու ապօրինի ծնունդ: Եվ զարմանալի է՝ ինչո՞ւ իսկական «բաղրամյանականները» հրապարակավ չեն հրաժարվում իրենց անունը գողացողներից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել