Exclusive
«Հայաստանի ձայնը» նախագծի երրորդ եթերաշրջանից հայտնի իսպանացի երգիչ Դավիթ Ռոդրիգեսն օրերս ամուսնացել է։ Հարսանիքի բացառիկ մանրամասներն ու լուսանկարները նա վստահել է BlogNews.am-ին։ Մեզ հետ զրույցում Դավիթն ասաց, որ շատ երջանիկ է, քանի որ ամուսնացել է Հայաստանի ամենագեղեցիկ աղջկա հետ:)
Նրա ընտրյալը մասնագիտությամբ թարգմանիչ Աստղիկն է, ում Դավիթն ու եվրոպացի ընկերները Ստելլա են կոչում։ Զույգը ծանոթացել է Կանայան կղզիներում, երբ Աստղիկն ու ընկերուհին գնացել են ակումբային համերգի։ «Իսպանիայում ակումբային համերգները շատ մտերմիկ են, այնտեղ ներկա էին նաև Դավթի ընկերները, համերգից հետո նա բոլորին մոտենում էր, խոսում, հենց այդպես էլ ծանոթացանք»,- հիշեց նա։ Զույգը Երևան է եկել Աստղիկի պապիկի 75-ամյակի առթիվ և որոշել մի փոքր երկար մնալ այստեղ ու հայկական հարսանիք անել։
Դավիթն ու Աստղիկը հայկական ավանդական և եվրոպական հարսանիքի միքս են արել։ Նրանք չեն պահպանել ավանդական երթուղին և հանդիպել են եկեղեցում։ Զույգը պսակադրվել է Աբովյանի սուրբ Հովհաննես եկեղեցում, առաջիկա օրերին էլ նրանք իրենց ամուսնությունը կամրագրեն ԶԱԳՍ-ում։
Աստղիկը պատմեց, որ հարսի պարն անակնկալ է եղել. «Ես բոլորին ասել էի, որ պարելու եմ հայկական ավանդական «Ուզուն դարան», սակայն «Նոկտյուրն» երաժշտության ներքո շատ հետաքրքիր բեմադրություն էինք արել»։ Դավիթն իր հերթին մի քանի կատարում է նվիրել կնոջը՝ կատարելով նաև իր մարզչի՝ Հայկոյի երգացանկից «Ես քեզ սիրահարվել եմ» երգը։ Հայկոն և Անահիտ Սիմոնյանը ևս հրավիրված են եղել զույգի հարսանիքին, սակայն չեն կարողացել գալ, քանի որ երկրում չէին։ Ամեն դեպքում Աստղիկը նշեց, որ Հայկոն մեծ ներդրում է ունեցել հարսանիքի հետաքրքիր պահերից մեկում, քանի որ նա շատ էր օգնել Դավթին՝ երգերի պատրաստման ժամանակ։
Զույգը հատուկ բեմադրել է նաև խորովածը բերելու արարողությունը, քանի որ Դավթի համար դա շատ արտասովոր երևույթ էր։ «Երբ նա առաջին անգամ տեսավ, որ ինչ-որ մեկը միսը պարացնելով գալիս է, շատ զարմացավ. իր համար դա հետաքրքիր էր, երկար ժամանակ ծիծաղում էր, այդ իսկ պատճառով մեր հարսանիքի ժամանակ դա ավելի բեմադրած արեցինք՝ կրակներով ու հետաքրքիր պարով»,- նշեց երգչի կինը։
Զույգը ծրագրում է առաջիկայում մեկնել Իսպանիա։ Քանի որ Դավթի հարազատները չէին կարող ներկա լինել հարսանիքին, նրանք ևս մեկ հարսանիք կունենան Իսպանիայում։
BlogNews.am-ը շնորհավորում է զույգին և երջանկություն մաղթում։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի