Մոսկվայաբնակ հայազգի երգչուհի և պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյանը) օգոստոսի 29-ին «Հավանա» ռեստորանային համալիրում բարեգործական համերգով է հանդես եկել, որի տոմսերից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է Գավառի մանկատան մի երեխայի աչքի և Երևանի «Մարի Իզմիրյան» մանկատան մի երեխայի ողնաշարի վիրահատություններին և դեղորայքի ձեռքբերմանը։ Բարեգործական միջոցառման միտքը Վարդայինն էր և «Հավանա» ռեստորանային համալիրի տնօրեն Արայիկ Գաբաջյանինը: Երեկոյի սկզբում հյուրերի համար ելույթ ունեցան Նարեկ Բավեյանը, Արմոն, Գայա Արզումանյանը և այլոք: Միջոցառման արդեն երկրորդ մասում ելույթ ունեցավ Վարդան, չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին՝ շոուն կայացավ: Վարդան կատարեց իր երգացանկից մի քանի երգ, որոնք ուղեկցվեցին պարային շարժումներով:

«Ես միշտ էլ ցանկացել եմ օգնել մարդկանց, իհարկե, առիթներ եղել են, բայց դրանք պարբերական բնույթ չեն կրել: Ես ուրախ եմ, որ հիմա ունեմ հնարավորություն օգնել երեխաներին: Հույս ունեմ՝ այս նախաձեռնությունը բարի ավանդույթ կդառնա մյուս արտիստների համար»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Վարդան:

Երեկոյի ընթացքում նաև աճուրդի հանվեց «Varda» բրենդի լողազգեստը, որի նախնական գինը 50.000 դրամ էր, սակայն հյուրերից մեկն այն գնեց 135.000 դրամով Այդ գումարով մանկատան երեխաների համար պատրաստվում են տակդիրներ գնել: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել