Օպերայի «Ջազզվեում» երևանցիները երեկ կենդանի երաժշտություն լսելու ու մի լավ լիցքաթափվելու հնարավորություն ունեին. կայացավ «Հայաստանի ձայնը» նախագծի երրորդ եթերշրջանի մասնակիցների համերգը:

Համերգի պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը BlogNews.am-ի հետ զրույցում ասաց, որ Ջազզվեի և «Արմենիա» հեռուստաընկերության հետ համատեղ որոշել են կազմակերպել համերգային ծրագիր, որի շրջանակներում կհամախմբեն նախագծի  լավագույն մասնակիցներին: «Կազմակերպել ենք առաջին, երկրորդ և երրորդ եթերաշրջանների մասնակիցների համերգները: Այսօր ներկայացան երրորդ եթերաշրջանի լավագույն մասնակիցները: Հիմա ավելի շատ ոչ կենդանի կատարումներով համերգներ են լինում, մենք փորձում ենք կենդանի կատարումներով հետաքրքիր ծրագիր ներկայացնել հայաստանցիներին ու սփյուռքահայերին, ովքեր այս փուլում շատ են գալիս Երևան»,- նշեց Ալեքսանդրը:

Համերգին ելույթ ունեցան Ռաիսա Ավանեսյանը, Կարինե Առուստամյանը, Գեորգի Բունիաթյանը, Ջուլիետա Գրիգորյանը, Մելինե Գալոյանը, Դավիթ Ռոդրիգեսը, Արսեն Գևորգյանը, Վահե Ալեքսանյանն ու Լիլիթ Ավանեսյանը: Նրանք ներկայացրին համաշխարհային հիթերի cover-ներ: Ելույթ ունեցավ նաև Նիկ Էգիբյանը, ով զբաղվում էր «Հայաստանի ձայնը» նախագծի երրորդ եթերաշրջանի երաժշտական պրոդյուսինգով: Միջոցառումը վարում էր Գրիգոր Կյոկչյանը, ով ներկայացավ նաև երաժշտական կատարումներով: Համերգին ներկա էր նաև երգչուհի Սոնան, ով ներկայացրեց իր սիրված կատարումները և զուգերգեր կատարեց իր թիմից Ռաիսա Ավանեսյանի հետ, ով  «Հայաստանի ձայնի» երրորդ եթերաշրանի հաղթողն է:

BlogNews.am-ի հետ զրույցում Ռաիսան ոգևորությամբ նշեց, որ իր համար մեծ ուրախություն է Սոնայի հետ զուգերգով ներկայանալը. «Սոնայի հետ երգելիս ուրիշ բավականություն եմ ստանում: Նա միակ մարդն է Հայաստանում, ով ահավոր մեծ դրական էներգետիկա ունի բեմում: Չեմ կարող բացատրել՝ իր հետ երգելիս ինչ զգացողություններ եմ ունենում, գնում եմ տուն ու երջանկությունից չեմ կարողանմում քնել:)

Սոնան էլ նշեց, որ Ռաիսայի հետ ևս մտերիմ են, ինչպես իր առաջին մասնակցի՝ Մերիի հետ: «Ռաիսան վերադարձել էր Թեհրան, բայց ինձ համար միևնույն չէր իր ճակատագիրը, դրա համար միշտ զանգում ու ասում էի՝ վերադարձիր Երևան: Շատ շնորհակալ եմ, որ լսեց ինձ, վերադարձավ և հիմա մի շարք նորություններ ունի: Ռաիսայի էներգետիկան շատ մոտ է ինձ ու շատ հաճելի է նրա հետ երգելը»,- ասաց երգչուհին:

Իսպանիայից Հայաստան եկած Դավիթ Ռոդրիգեսն էլ նշեց, որ Ջազզվեն իր ամենասիրելի սրճարաններից է և շատ ուրախ է  այսօրվա համերգի համար: ««Հայաստանի ձայնից» հետո համեգներ ունենում եմ, սակայն ոչ շատ հաճախ: Այսօրվա համերգը շատ լավ անցավ, շատ լավ էմոցիաներ ունեցա»,- նշեց երգիչը:

Իսկ ահա Լիլիթ Ավանեսյանը, ով նախագծի ֆինալիստներից էր,  «Հայաստանի ձայնի» ավարտից հետո առաջին անգամ էր համերգ ունենում Երևանում: «Հիմնականում համերգներ եմ ունենում Արցախում: Այսօրվա համերգին  շատ լավ զգացողություններ ունեի, քանի որ շատ կարևոր է զգալ հանդիսատեսի սերը: Այսօր զգացի դա, հատկապես՝ Սոնայից»,- նշեց նա:

«Ջազզվե» սրճարաների ցանցի մարքեթինգի բաժնի ղեկավար Սիլվա Ղամբարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեք եթերաշրջանի մասնակիցների համերգներն էլ շատ լավ են անցել՝ մարդաշատ և ուրախ: «Հաջողված նախագծի հաջողված համերգներ էին»,- նկատեց նա ու հավելեց, որ իրենց մոտ ամառային սեզոնը դեռ չի փակվել և այցելուներն առաջիկայում էլ հնարավորություն կունենան վայելելու կենդանի, լավ երաժշտություն:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Անտինյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել