Այս օրերին տարատեսակ քննադատություններ են հնչում Բաղրամյան 26-ում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություններին մասնակցած քաղաքական ուժերի հասցեին:

Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Սեֆիլյան Ժիրայրի յուրահատուկ դիտարկումները թերևս տարբերվում են հանրային-քաղաքական դաշտի այլ գործիչների հնչեցրածներից:

Ժիրայր Սեֆիլյանը, համոզմունք հայտնելով, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը որևէ կապ չունի ժողովրդի հետ, խստորեն դատապարտում է այս օրերին Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմող ուժերին։

Ի՞նչ է նշանակում «Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կապ չունի ժողովրդի հետ»: Այս արտահայտության մեջ ոչ քաղաքագիտական, ոչ իրավագիտական և ոչ էլ առհասարակ շարահյուսական տրամաբանություն չկա: 
Հետաքրքիր է, իսկ սահմանադրական բարեփոխումներն ինչի՞ հետ են կապված, ծառ ու ծաղկի,՞ թե՞ քար ու փոսի:

Սեֆիլյանը Բաղրամյան 26 այցելած քաղաքական ուժերին համարում է Սերժ Սարգսյանի տիկնիկներ. «Ովքեր ընդունել են Սերժ Սարգսյանի «հանձնարարությունը», նրանց քաղաքական գործիչ կոչելը ճիշտ չէ։ Նրանք ընդամենն արհեստական քաղաքական դաշտում տիկնիկներ են, որոնց Սերժ Սարգսյանը խաղացնում է՝ աշխարհի աչքին թոզ փչելու նպատակով։ Նրանք կհիշվեն մեր ժողովրդի կողմից որպես դավաճաններ»:

Սեֆիլյանն, անընդհատ վիրավորելով ու հայհոյելով բոլոր կառույցներին, միայն արժեզրկում է սեփական խոսքը: Իսկ ովքե՞ր են այդ դեպքում քաղաքական գործիչները, ՀԽ անդամներն ու ռադիկալ ակտիվիստնե՞րը: 
Ի վերջո, պետք է դուրս գալ այն կարծրատիպային մտածելակերպից, որ ով ավելի բարձր է հայհոյում իշխանություններին, նա իրական ընդիմադիր է, իսկ ով իշխանության հետ նստում է բանակցության սեղանին, նա դավաճան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել