Երեկ Մոնթեի ծննդյան օրն էր: Մանկան աչքերով զորավարի, գիտնական ռեբելի, օրինապաշտ ըմբոստի, Ավոյի 55 ամյակն էր: Տուն մտնելուն պես միացրեցի հեռուստացույցը՝ ակնկալելով, որ երևի մեր ինվեսթիգաթիվ, դինամիկ ու կոմպետենտ հեռուստալրագրողները հաղորդումներ պատրաստած կլինեն նրա մասին ու այս անգամ կլինեն ոչ միայն «գռդոն» արած դոկումենտացիաներ՝ «ութմազյանական» պաթետիկ պատմող ձայնով, այլ կլինեն քննարկումներ, talk-show-ներ, կխոսեն, ասենք, Ալեքը, Սեդան, կհյուրընկալվեն էն տղերքը, ովքեր խրամատում են եղել Ավոյի հետ, միգուցե նաև նկարահանած լինեն նոր դոկումենտալ ֆիլմ:

Միացրեցի «Շանթը»՝ Անժելա Սարգսյանի մասին էին պատմում: «Вот суки а»,- մրթմրթացի ես ու փոխեցի ալիքը: «Արմենիա»՝ ինչ-որ անկապ գյադա ստուդիայի մեջ վազվզում էր էս կողմ, էն կողմ ու փորձում էր դա անել «1 րոպեիվա» ընթացքում: «Կենտրոն»՝ Ծառուկյանն էր, բարեգործության թունդ պահին, «Oh mon dieu»՝ մտածեցի ես … Մմի խոսքով՝ էդպես շարունակ, դա չի, որ պիտի պատմեմ ձեզ, ցնցող անակնկալ չէր դա ինձ համար՝ հաշվի առնելով մեր հոգին տված հեռուստատեսային որակը, սա ընդամենը որպես նախաբան:

Հեռուստացույցն անջատեցի, կպցրեցի սիգարետս ու ակամայից հիշեցի Մոնթեի սենյակը… Նվաստիս բախտ է վիճակվել մանուկ հասակում լինել բազում անգամներ  Մոնթեի ու Սեդայի տանը, մանկական զգայարաններս, չգիտես ինչու, շատ հստակ դաջել էին հիշողությանս մեջ հենց Մոնթեի աշխատասենյակը (կարծեմ անգամ սենյակ չէր, այլ մի փոքր անկյուն): Հիշեցի նրա գրասեղանը, պատից կախված մի գորգ՝ գունեղ նախշերով, կողքին կախված էր մի սուր՝ պատյանի մեջ ու պահարանում գրքեր… Շատ գրքեր: Ավելի ուշ, ավելի հասուն տարիիքում, երբ Մոնթեն արդեն չկար, Սեդան ապրում էր Բարեկամությունում՝ «Հայաստան» հանրախանութին կից շենքերից մեկում, ու էդտեղ բախտ եմ ունեցել ծանոթանալու անգամ նրա գրադարանի հետ: Կոմիտաս, Մեծարենց, Հեմինգուեյ, Արևմտյան Հայաստանի աշխարհագրություն, շարականներ: Հիշում եմ լավ, որ իմ մանկական ընկալումը, հմայված էր այդ վիզուալ պատկերով՝ սուրը, գորգն ու գրքերը:

Սա էլ որպես Ouverture… Հիմա անցնեմ կուլմինացիային: Հենց էս նոստալգիկ խոհերի ընթացքում էր, որ մտաբերեցի նաև մյուս մեր ընկած տղերքին: Հիմա ես թվեմ և դու, ընթերցող, ինքդ կհասկանաս՝ ո՞րն է լինելու կուլմինացիայի հանգուցալուծումը: Մտաբերեցի Լեոնիդին Ազգալդյան, հետո Մովսես Գեորգիսյանին, Գեղազնիկին Միքայելյան (Չաուշին), ապա Ասկոլկային, Պետոյին հիշեցի Պռոշյանցի ու նաև նրա հայտնի ինքնաթիռի ոչնչացումը, Դուշման Վարդանին, Աղվան Մինասյանին բանաստեղծ, Հեթանոս Գագոյին, Թաթուլին, Սիմոնին ու Կարոտին… Հիմա այն հարցը, որը պիտի կայծ տա ամենքիս մթագնած գանգուղեղին: Ո՞րն է այն ընդհանուր հայտարարը, որ ժողվում է բոլոր էս տղերքին մի տեղ: Այո, նրանք բոլորն էլ, բացի բանիմաց ու տաղանդավոր զինվորներ ու հրամանատարներ լինելուց, նաև մտավորական ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՆԵՐ ԷԻՆ: Ու արդյոք դա տարօրինա՞կ չէ, որ գրեթե բոլոր գաղափարախոս տղերքը ընկան մարտում, իսկ գաղափարազուրկ կռվողները ապրեցին ու ծաղկեցին՝ ստանալով ֆեոդալի կարգավիճակ: Որտե՞ղ կլինեին այսօր Մոնթեն, Լեոնիդն ու Թաթուլը, եթե կենդանի մնային, կարծում եմ՝ ՀՀԿ-ական չէին լինի հաստատ: Հիմա ի՞նչ, պիտի կոչվի դավադրության տեսությո՞ւն, եթե իմ միամիտ խելքով կարծեմ, որ ասենք ԿԳԲ-ն Կրեմլի Մովսեսին խփեց կամ Լեոնիդին Ազգալդյան: Թող համարվի դավադրության տեսություն, համաձայն եմ: Քանզի այն, որ դավադրություն եղել է, գրեթե վստահ եմ, մնում է պարզվի տեսությունը…

Ծնունդդ շնորհավոր, Մոնթե ջան, ու մեզ ներեք, որ դեռևս ձեզ արժանի հետնորդներ չենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել