Նախօրեին Մոնակոյում կայացավ Եվրոպայի լիգայի՝ մրցաշրջան 2015/16-ի խմբային փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Դորտմունդի «Բորուսիան» ՊԱՕԿ-ի, ռուսական «Կրասնոդարի» ու ադրբեջանական «Գաբալայի» հետ տեղ գտավ C խմբում:

Ու եթե մարզական տեսանկյունից խումբը հարցեր չի առաջացնում՝ ո՛չ ընդգծված ուժեղ ու ո՛չ էլ ընդգծված թույլ լինելու տեսանկյունից, ապա մեկ այլ՝ քաղաքական տեսանկյունից, հարցերը շատ են...

Մասնավորապես, վիճակահանությունից անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցները աղմուկ բարձրացրեցին «Բորուսիայի» ու մեր հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ՝ անմիջապես «հիշելով», որ Հենրիխը մի քանի տարի առաջ բարեգործական այց էր կատարել ԼՂՀ ու օ՜ ոչ՝ հանդիպում ունեցել ԼՂՀ նախագահի հետ՝ քննարկելով Արցախում ֆուտբոլի զարգացման հարցերը, նրանց ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից ստացել «Հայրենյաց պաշտպան» շքանշանը... 

Մեր արևելյան հարևանների համար այդ հարցը սկզբունքային է՝ նրանք չեն «խնայում» ոչ ոքի. ««Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում սկզբունքային է: Այսպիսի այցելությունները՝ առանց Ադրբեջանի համապատասխան մարմինների թույլտվության, անօրինական են և կոպիտ կերպով խախտում են Ադրբեջանի պետական սահմանի մասին օրենքը»,- պարբերաբար հայտարարում է նրանց ԱԳՆ մամուլի խոսնակը ու պարբերաբար այդ ցուցակը համալրվում է. դրանում արդեն իսկ տեղ են գտել շուրջ 300-ից ավել մարդ, որոնց թվում՝ հանրահայտ օպերային երգչուհիներ Մոնսերատ Կաբալյան ու Լյուբով Կազարնովսկայան, երգիչ Բեդրոս Կիրկորովը, բազմաթիվ քաղաքական ու մշակութային գործիչներ, լրագրողներ...

Հենրիխի անունը պաշտոնապես այդ ցուցակում չկա, ուստի ադրբեջանական կողմի հիստերիան ինչպես միշտ գոնե այժմ անհասկանալի ու անիմաստ է թվում, մանավանդ որ՝ ընդամենը 2 ամիս առաջ Բաքվում անցած Եվրոպական ամառային 1-ին խաղերին Հայաստանը ներկայացող մարզիկների թվում էին նաև արցախցի մարզիկները, ու նրանցից ոմանց՝ օրինակ սամբիստուհի Սոսե Բալասանյանին, մրցամարտերից մեկի ժամանակ ստացած գանգուղեղային վնասվածքի պատճառով Բաքվի հոսպիտալներից մեկը տեղափոխեցին ու անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեցին, կոնսիլիում հրավիրեցին... ու կարծես թե ոչինչ՝ ֆեյսբուքյան իր ողջ էջը Արցախի հանրապետության դրոշով նկարներով լի Սոսեն ողջ - հարաբերականորեն առողջ վերադարձավ Հայաստան ու մեկնեց ո՞ւր՝ ճիշտ է՝ իր հայրենի Արցախ, որտեղից էլ հերթական գրառումն արեց ֆեյսբուքում. «Ես ձեր ցավը տանիմ: Լոխ լավ ա: Ես էլ գերազանցիմ: Լյանդի պանիկա ա»...

Ու հիմա էլ՝ Հենրիխի անվան շուրջ «լհանդի պանիկա ա»... Ամենայն հավանականությամբ Ադրբեջանի իշխանությունները ոչինչ էլ չեն անի, ու ամենայն հավանականությամբ «Բորուսիան» իր առաջատարին հոկտեմբերի 22-ին չի տանի Բաքու, որտեղ իր եվրագավաթային տնային հանդիպումներն է անցկացնում «Գաբալան»...

Ու ամենայն հավանականությամբ հերթական անգամ սպորտը կուլ կգնա քաղաքականությանը, և հերթական անգամ դրանից կտուժեն նրանք, ովքեր սիրում են միլիոնների խաղը...

Հ.Գ.
Սոցցանցային հարթակում ստիպված եմ հաճույքով հետևում եմ «Բորուսիայի» ռուսական ֆան-էջերին, որոնցում դեղնասևերի հայ ու ադրբեջանցի ֆանատները մինչև երեկ համերաշխ ու խաղաղ ապրում էին՝ Հենրիխի գոլերի համար հանուն ֆուտբոլի ուրախանալով... Երեկ այդ էջերի ադմինների սև օրն էր՝ առանց դեղինի, երեկ այդ էջերում ադմինները սթափության. հավաքվածության կոչեր էին ստիպված անում, որովհետև քաղաքականությունն ու ատելությունը սպանում են ֆուտբոլը, սպանում են անգամ այն, ինչն ամենից շատն ես սիրում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել