Tert.am-ը գրում է.

Հնդկաստանի Ուտար - Պրադեշ նահանգի գյուղերից մեկում երկու քույրերի դատապարտել են բռնաբարության միջոցով պատժի:

The Daily Mirror-ը հայտնում է, որ նման անմարդկային պատժի պատճառը քույրերի եղբոր թույլ տված «անբարոյական պահվածքն» է. նա փախել է մեկ այլ` ավելի բարձր կաստայի ներկայացուցիչ իր սիրեցյալի հետ, որին ուժով ամուսնացրել էին մեկ այլ տղամարդու հետ:

Դրանից հետո ավանդույթի ուժով, ըստ որի` կինը ենթակա է կոլեկտիվ պատասխանատվության, գյուղացիները որոշել են, որ 23-ամյա Մինաքշի Կումարը և նրա 15-ամյա քույրը պետք է որպես պատիժ բռնաբարվեն: Դեռ հուլիսի 30-ին գյուղի տղամարդկանց ավագանին որոշել է քույրերին բռնաբարել, ապա նրանց դեմքերին ցեխ քսել և այդ տեսքով հանրությանն ի ցույց հանել: Որոշումը կայացվել է ջաթերի կաստայի կողմից, և այդ որոշումը բեկման ենթակա չէ:

Ի դեպ, աղջիկները այսպես կոչված «անհպելիների» ցածրագույն կաստայից են: Աղջիկները այս վճռից հետո փախել են և այժմ թաքնվում են մայրաքաղաք Դելիում: Նրանք դիմել են դատարան, սակայն դրանից հետո համագյուղացիների ագրեսիան նրանց ընտանիքի հանդեպ միայն աճել է:

Այս դեպքը գրավել է նաև Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ուշադրությունը: Աղջիկների գործը կքննվի սեպտեմբերի 15-ին նրանց հայրենի նահանգի դատարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել