ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Մայրս երկար տարիներ դպրոցի վարչական աշխատող է եղել, զուգահեռ էլ դասավանդել է: Շատ խստապահանջ, միաժամանակ էլ շատ լավ մասնագետ է եղել: Խստապահանջությունը հասնում էր այնտեղ, որ անզիջում էր ու վատ սովորող աշակերտներին անխնա ցածր գնահատականներ էր նշանակում՝ ընդհուպ մինչև նույն դասարանում թողնելը (դե մեր տարիներին, իսկապես, նույն դասարանում «մնում էին», որպեսզի ամբողջ տարվա կուրսն անցնեն ու մինիմում գիտելիք ստանան): Ոչ մի պայմանով մեկ բալ անգամ գնահատականը չէր բարձրացնի, եթե մինիմում գիտելիքներով աշակերտն աշնանը չներկայանար…
Դպրոցական տարիների հիշողությանս մեջ դաջվել է մի դեպք: Տանը ես ու լուսահոգի հայրիկս էինք: Դուռը թակեցին, ներկայացան և հայրիկիս տվեցին թերթերի մեջ փաթեթավորած, գյուղական բարիքներով լի մի տոպրակ (հիշո՞ւմ եք ցանցկեն «սետկաները»): Առանց հարցնելու, թե ինչու են այդ տոպրակը մեր տուն բերել, բնածին բարեկրթությամբ օժտված հայրիկս հայտնեց շնորհակալությունը և տարավ խոհանոց: Չգիտեմ՝ ուրիշ ինչ կար, բայց կարմիր, հյութեղ խնձորներն աչքով էին անում մեզ: Հայրիկս հանեց, մի քանի հատը լվաց, և այն է` ուզում էինք ըմբոշխնել, մայրիկս տուն եկավ: Տուն գալուց հետո, երբ մայրիկս ճշտեց, թե ով է բերել… չեմ կարող նկարագրել զայրույթի աստիճանը… Նախ` ձեռքիցս վերցրեց խնձորը, որից հասցրել էի մեկ պատառ վայելել ու կրկին տեղավորեց ցանցի մեջ, հեռախոսով մեր տուն կանչեց «ապրանքի» տիրոջը և պարտադրեց, որ ետ վերցնեն: Նա էլ, անհարմար զգալով, թողեց ու փորձեց հեռանալ: Ի՜նչ հեռանալ. մինչև ոտքն աստիճանավանդակին դնելը «սետկան» իր ամբողջ պարունակությամբ գլորվեց աստիճաններով… Գյուղական, սեփական այգու բարիքներից մայրիկիս աշակերտներից մեկի ծնողն էր բերողը, որը ստացել էր «երկու» գնահատական և պետք է մնար նույն դասարանում… Այդ «սետկայի» անունը ԿԱՇԱՌՔ ԷՐ: Շատ երկար տարիներ ես չէի հասկանում, թե ինչ է կոչվում կաշառք… Երբեք իրեն թույլ չէր տվել ծննդյան կամ Մարտի 8-ի կապակցությամբ նվեր վերցնել, եթե դա չէր անցնում դաշտային ծաղիկների կամ բացիկի սահմանը (մեր ժամանակների ուսուցիչները երևի հիմա ուրախացան, որ իրենք չեն աշխատում այն ժամանակվա օրենքներով)։ Խոսքս ո՞ւր է տանում «քաջ որսկանի գյուլլի պես»… 
Վերջերս լսել էի, որ ՎԵՐՋԱՊԵՍ Սոցիալական ապահովության նախարարությունը ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ և ինդեքսացման միջոցով ութսուն տարեկանի սահմանը զատած թոշակառուներին է ՈՂՈՐՄՈՒՄ իրենց երկար տարիների ԱԶՆԻՎ, ԱՆԿԱՇԱՌ աշխատանքի արդյունքում կուտակած խնայողությունները, որոնք, որպես ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ, սովետի տարիներին պահվել են խնայգրքույկներում: Զանգահարում եմ Սոց.Նախարարության թեժ գիծ` 114, որպեսզի ճշտեմ, թե ինչ թղթեր պետք է ներկայացնեմ, և երբ կարող եմ ստանալ 88-ամյա մայրիկիս խնայողությունները, որոնք դարձել են գրոշներ: Շատ մեղմ, բայց շաաաաաաաատ անտարբեր ձայնով մի աղջնակ պատասխանում է, որ պետք է «փարոս»-ի թուղթ ներկայացնեմ, որ տվյալ մարդն անապահով ընտանիքից է, որպեսզի նրան ողորմեն իր իսկ ԱՐԴԱՐ աշխատանքի երկար տարիների՝ չնչինի վերածված խնայողությունը… Իմ կրքոտ պահանջին, թե ինչպես հասկանալ այս ամենը, նույն զոմբիացած ձայնը համբերատար (պատասխանողն, իհարկե, որևէ մեղք չունի, և կեցցե իր համբերությունը) պատասխանում է, որ դա կառավարության 460-Ն որոշումն է, և իրենք ոչինչ անել չեն կարող… Այսօր Հայաստանի պետական և ոչ պետական շատ բարձր պաշտոններում և ոչ միայն պաշտոններում ղեկավարող, բայց հաստատ ազնիվ, բազմաշնորհ քաղաքացիների մի սերունդը մայրիկիս կրթած սերունդն է: Մի մարդ, որը կյանքում մեկ գրոշ անգամ ուրիշի ունեցածի վրա աչք չի ունեցել, եթե անգամ այդ ունեցածը սեփական այգուց է եղել, այսօր պետք է ողորմելի վիճակում լիներ, որ ստանա՞ր իր իսկ ստեղծածը… Ոտքի ջարդվելու պատճառով վիրահատությունն անգամ պետ. պատվերով չարեցին՝ պատճառաբանելով, որ այդ որոշումը հանված է… Որ ՄԱՐԴԸ գրոշի արժեք չունի` վաղուց գիտենք ու ցավով գիտենք, հուսահատությամբ ու հիասթափությամբ գիտենք, բայց ՄԱՐԴԸ ողորմություն չի հայցում, որի դեպքում փարիսեցու դերով «բարեգործներ» հայտնվեն, այլ իր քրտնաջան աշխատանքի արդյունքը… Այդ տարիքի ինչքա՞ն մարդ կլինի մնացած Հայաստանում. մի՞թե կարելի է այդքան նվաստացնել բարձրագույն արժեքներ ունեցող մարդուն….. Այդ չնչին գումարը ստանալով՝ որևէ խնդիր չի լուծվի, բայց գոնե վիրավորանքը կմեղմանա…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել