Քաղաքական դաշտում տիրող ներկայիս իրադրությունը հիմնականում պայմանավորված է սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումներով: Այս համատեքստում հետաքրքիր զարգացումներ են սպասվում:

Քաղաքական կուսակցությունները փորձում են ճշգրտել իրենց դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ և կողմնորոշվել՝ մասնակցե՞լ առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ բովանդակային քննարկումներին, թե՞ ոչ:

Նկատելի է, որ այս գործընթացի շրջանակում բավականին հետաքրքիր խմորումներ են սկսել տեղի ունենալ հատկապես ընդդիմադիր դաշտում: Վերջին շրջանում հակասություններ են առաջ եկել միմյանց հետ ճանապարհ անցած ընդդիմադիրների մոտ: Խոսքը վերաբերում է հատկապես ՀԱԿ-ին և ԲՀԿ-ին, որոնք ամիսներ առաջ միմյանց հետ ակտիվ գործակցում էին «Եռյակի» ձևաչափում: Մեծացել է անհանդուրժողականությունն այլ մոտեցում որդեգրած քաղաքական ուժերի նկատմամբ: Վերջին օրերին ՀԱԿ-ը խստորեն քննադատում է սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկումներին կողմնակից կուսակցություններին: Այս պայմաններում սրվել են ՀԱԿ-ի անդամների և ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի միջև հարաբերությունները:

Ինչպես հայտնի է՝ ՀԱԿ խմբակցությունը հայտարարություն էր, թե իրենք սահմանադրական փոփոխությունների հարցով որևէ բովանդակային քննարկումների մեջ չեն պատրաստվում մտնել, այլ պատրաստվում են «ոչ»-ի շարժում ձևավորել և, մարզերով ու գյուղերով շրջելով, բացատրել, որ ներկայացված փաստաթուղթը հակասահմանադրական է։
Իսկ այն բանից հետո, երբ Լյուդմիլա Սարգսյանը ՀԱԿ խմբակցության անդամներին տեղակացրել է, որ ինքը՝ որպես ՎՍԴՀԿ ատենապետ, նպատակ ունի սահմանադրական բարեփոխումների շրջանակներում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, կողմերի միջև սկսվել է լարվածություն առաջանալ:

Թե ինչի կհանգեցնի ՀԱԿ-ի և Լյուդմիլա Սարգսյանի միջև առաջացած լարվածությունը, ցույց կտան առաջիկա քաղաքական զարգացումները, բայց մի բան ակնհայտ է, որ նրանց հարաբերություններն այլևս նախկինը չեն լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել