Յուրաքանչյուրս էլ հանդիպում ենք մարդկանց, ովքեր ունեն մականուններ: Դրանց ծագման պատճառները միշտ բավական հետաքրքրիր են լինում: Ոմանց տարիքի հետ մականունը փոխվում է կամ կորում, ոմանց դեպքում էլ անփոփոխ է մնում անգամ հասուն տարիքում: BlogNews.am-ն այս անգամ անդրադառնում է այն հայտնիներին, ովքեր ունեն մականուններ կամ կեղծանուններ:  

Հռիփսիմե Նավասարդյան, սա երգչուհի Ռիփփիի անուն-ազգանունն է: Պարզվում է՝ Ռիփփիին դպրոցում ասել են բարբի կամ պարզապես Ռիփ, իսկ դրա հիմնական պատճառը նա էլ չի հիշում, բայց ավելի հետաքրքիր էր, թե ինչպես էին երգչուհուն անվանում տանը. «Շատ տարօրինակ անուններ էին ինձ տալիս, օրինակ՝ Ռիփսիմոնչիկ կամ Պոնտոլչիկ»,-պատմում է երգչուհին և ծիծաղում:

Երգչուհի Արևիկ Ալավերդյանի մականունը, պարզվում է, հենց հայրն է կնքել. «Փոքրուց շատ կամակոր և ինքնասածի եմ եղել, դրա համար էլ հայրս ինձ կոչեց «արևկողիկ»: Մինչ օրս էլ հաճախ ինձ այդպես են դիմում»:

Երաժիշտ-գործիքավորող Արա Թորոսյանը շատ քչերին է հայտնի իր անուն-ազգանունով: Նրան բոլորը գիտեն որպես Մուրզո կամ Մուրզիկ: Նշենք, որ նրան այդպես կոչել են, քանի որ փոքր տարիքում մանկական «Mурзилка» ամսագրի մեծ սիրահար էր:

Ֆորշին բոլորս ենք ճանաչում, շատերս ենք սիրում, բայց քչերս գիտենք նրա իսկական անունն ու ազգանունը՝ Վահան Գևորգյան։ Մի առիթով երգիչը խոստովանել էր. «Ես վաղուց արդեն Ֆորշ եմ: Այս անունն ինձ շատ հարազատ է»: Նրա մականունը վերցված է ֆորշլագ երաժշտական տերմինից: 

Ասում են՝ շոու բիզնես պետք է մտնել այնպիսի անունով, որ մարդկանց մոտ լավ տպավորվի, ինչն էլ արեց երգչուհի Ջուսը, որովհետև Յանինա Համբարյան անուն-ազգանունը մարդկանց մոտ գուցե չհիշվեր: Ի դեպ, Ջուսն արդեն միայն երգչուհու մականունը չէ, այլ իսկական անձնագրային անունը, քանի որ երգչուհին հրաժարվել է իր անունից և անվանափոխվել Ջուս Համբարյան:

Ոսկերիչ-դիզայներ Նուռը, ում իրական անուն-ազգանունն է Արման Դավթյան, իր մականունը ստացել է իր դիզայներական ընկերությանը տրված անվան շնորհիվ:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել