Exclusive

Դերասանուհի Աննա Մանուչարյանը, ով հեռուստադիտողներին հայտնի է «Անուրջներ» սերիալից, «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմից և մի շարք այլ նախագծերից, այժմ աշխատանքային շատ քիչ առաջարկներ է ընդունում. պատճառը նրա դուստրն է, ում խնամքով Աննան ինքնուրույն է զբաղվում։ BlogNews.am-ը դերասանուհու հետ խոսել է դստեր հետ հարաբերությունների, միայնակ մայր լինելու բարդությունների, ինչպես նաև՝ վերջերս նրան վերագրված սիրավեպի մասին։

28-ամյա Աննայի աղջիկը՝ Արփին, 8 տարեկան է, այժմ պատրաստվում է նոր ուսումնական տարվան՝ երրորդ դասարանցի է։ Դերասանուհու խոսքով՝ դստեր հետ ընկերական հարաբերություններ ունի. «Ես չեմ հիշում դեպք, որ բարկացած լինեմ նրա վրա։ Նա շատ մեծ նշանակություն է տալիս իմ կարծիքին և լսում է ինձ։ Բախտի բերմամբ աղջիկս շատ կազմակերպված է»։

Աննան բավականին երիտասարդ տարիքում է մայրացել։ Շատերը չեն կարողանում հավատալ, որ Աննան արդեն 8 տարեկան աղջիկ ունի.  «Գուցե արտաքին տեսքիցս շատերը չեն ենթադրում, որ շուտով 30 տարեկան կլինեմ։)»,- ասաց դերասանուհին ու նշեց, որ երիտասարդ տարիքում մայրանալու հետ կապված սկզբնական շրջանում դժվարություններ ունեցել է, սակայն մայրանալուց հետո կինը ենթագիտակցորեն է հարմարվում այդ կարգավիճակին։

«Աղջիկս իմ ամենամեծ երջանկությունն է, ու առանց նրա ես ինձ  կիսատ եմ զգում։ Ես և ինքը մշտապես միասին ենք, միայն երկուսով ենք ապրում և արդեն որպես մի ամբողջություն ենք դիտվում։ Ժամանակին, երբ սերիալում էի նկարահանվում, Արփին ծնողներիս մոտ էր մնում և արդեն սովորել էր իմ գրաֆիկին, սակայն ես կրճատեցի աշխատանքս, որպեսզի կարողանամ լիարժեք զբաղվել նրա խնամքով, հասցնեմ նրան տանել տարբեր պարապմունքների։ Հիմա նա սովոր է, որ ես անընդհատ իր կողքին եմ, ու խիտ գրաֆիկ ենթադրող նոր առաջարկները մերժում եմ, քանի որ արդեն կասկածում եմ, որ Արփին կհաղթահարի բացակայությունս։ Նա այնքան է կապվել ինձ հետ, որ նույնիսկ 1 ժամ բացակայելուս դեպքում զանգում է, ասում, որ կարոտել է»,- նշեց մայրիկն ու հավելեց, որ աղջկա ծննդից հետո շատ հաճախ է կանգնում երկընտրանքի առաջ, սակայն միշտ ընտրում է այնպիսի տարբերակ, որից աշխատանքի պատճառով Արփին չտուժի։ «Լինելով շատ անհանգիստ ու երեխասեր՝ ես ամեն բան դրել եմ մի կողմ և ինձ ամբողջությամբ նվիրել եմ Արփիին մեծացնելու գործին, ես մեծ նշանակություն եմ տալիս աղջկաս դաստիարակությանը, որովհետև հիմա նրա ձևավորման փուլն է»,- ավելացրեց Աննան։  

Ըստ դերասանուհու՝ միայնակ մայր լինելը բարդ չէ, դա կարծրատիպ է. «Ես երբևէ որևէ դժվարություն ինձ համար չեմ դարձրել անհաղթահարելի։ Միայն խնդիրներ են առաջանում աշխատանքի և երեխայի դաստիարակության համատեղելիության հարցում, քանի որ պետք է աշխատեմ, որպեսզի կարողանամ ապահովել նրան, միևնույն ժամանակ ուզում եմ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել նրա հետ։ Այնպես եմ անում, որ կարողանամ մեր կենցաղն ապահովել և վերջ»։

Ինչ վերաբերում է երեխայի վերաբերմունքին տանը հայրիկի բացակայությանը՝ Աննան նշեց, որ փոքր տարիքում նրա մոտ առաջանում էին հարցեր. «Մենք շատ խոսեցինք, Արփին շատ ըմբռնումով է մոտենում այդ հարցին և որևէ կոմպլեքս չունի էդ թեմայով»։

Ինչ վերաբերում է վերջին շրջանում տարածված խոսակցություններին, թե Աննան և դերասանուհի Նաիրա Մովսիսյանի նախկին ամուսին Վան Հակոբյանը սիրավեպ ունեն, նա կտրականապես հերքեց այս լուրերը. «Նման բան երբեք չի եղել, չկա և չի էլ կարող լինել։ Մենք շատ լավ ընկերներ ենք և վերջ։ Մենք ընկերներ ենք եղել մինչ իր ամուսնությունը, երկար ժամանակ չէինք էլ շփվել իրար հետ։ Ես ունեմ իմ անձնական կյանքը, որի հետ Վանը ոչ մի կապ չունի»։ Ինչ վերաբերում է Բաթումիում արված լուսանկարին, որը խոսակցությունների տեղիք էր տվել, թե Աննան և Վանը միասին են մեկնել հանգստի, նա նշեց, որ ինքը հանգստի էր մեկնել մայրիկի և դստեր հետ, իսկ Վանին պատահաբար են հանդիպել Բաթումիում և նկարվել նրա հետ։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել