Tert.am-ը գրում է.

Առաջիկայում հանրապետություն ներթափանցած ցիկլոնի ուժը կթուլանա, տեղումները և՛ ժամանակային, և՛ տարածքային կտրվածով կկրճատվեն. այսօր հրավիրված ասուլիսին ասաց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանական ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Օգոստոսի 30-ից սկսած օդային հոսանքները աստիճանաբար կսկսեն փոխել իրենց ուղղությունը, այսինքն, եթե  այս պահին գալիս են հյուսիս-արևմուտքից, օգոստոսի 30-ից դրանք կգան հարավ-արևմուտքից, ինչը նշանակում է, որ կրկին մեր հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք հոսանքներ և  օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 2-ը աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով: Այսինքն՝ ամսվա վերջին օրերին և սեպտեմբերի սկզբին Արարատյան դաշտում և մայրաքաղաքում կունենանք 28-30 աստիճան տաքություն, որը նորմայի սահմաններում է»,- ասաց նա:

Իսկ մինչ այդ Սուրենյանը նշեց, որ այսօր՝ օրվա երկրորդ կեսին, սպասվում են տեղումներ՝ կարճատև անձրևների ու ամպրոպների տեսքով, իսկ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղումների գոտին հիմնականում կպահպանվի Լոռիում, Տավուշում, Շիրակում, Սյունիքում և Արցախում: 

«Այս արկտիկական ցուրտ օդային հոսանքները մեր տարածաշրջանում կգործեն մինչև օգոստոսի 29-ը ներառյալ: Ցածր ջերմաստիճանը կպահպանվի մայրաքաղաքում ցերեկային ժամերին 24-26 աստիճան, իսկ երեկոյան ժամերին՝  12-14 աստիճան»,-ասաց նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել