«Ամեն». այսպես է կոչվում երաժշտական դրամատիկ այն ներկայացումը, որը ներկայացնելու է հայ ժողովրդի պատմությունն Իտալիայի «Վերոնա» բեմահարթակում։ Ներկայացումն ուղեկցվելու է երաժշտությամբ, բալետով, կլինի նաև երգչախումբ: Պրեմիերան կայանալու է սեպտեմբերի 29-ին: BlogNews.am-ի հետ զրույցում ներկայացման երաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր Արաքսյա Մուշեղյանը պատմել է բոլոր մանրամասների մասին:

«Մեր ծրագիրը գրված է օրիգինալ լիբրետոյով, պատմում է հայ ազգի պատմության մասին: Այն լինելու է տարբեր լեզուներով, քանի որ հայ ազգը սփռված է ամբողջ աշխարհով մեկ, ծրագիրը նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին և եզրափակիչն է Իտալիայում 2015 թ. Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումների ցանկում, անցկացվում է Իտալիայում Հայաստանի դեսպանատան և Վերոնայի քաղաքապետարանի հովանու ներքո: Մենք չենք ուզում լաց և ողբ ցույց տալ, պարզապես ծանոթացնում ենք մեր պատմության հետ»:   

Լինելու է երկու երգչախումբ՝ հայկական «Հովերը» և իտալական «Ռեջեո Էմիլիա» երգչախումբը, լինելու է նաև «Բալետ 2021»-ը, որի բեմադրող ռեժիսորն է Ռուդոլֆ Խառատյանը, ինչպես նաև մի շարք երգիչներ: Խոսելով դերասանական կազմի մասին՝ Արաքսյան նշեց. «Մեր դերասանական կազմն ընտրվել է ըստ դերերի և ըստ պահանջի, ինչը թելադրել է մեր լիբրետոն: Կազմում են Բարսեղ Թումանյանը, Պլաչիդո Դոմինգո կրտսերը, Հասմիկ Պապիանը, Վարդուհի Խաչատրյանը, Ֆաբիո Կանկատոն, Ջուլիետ Գալստյանը և այլոք, իսկ որպես հատուկ հյուր հրավիրված է Շառլ Ազնավուրը: Փորձել ենք անել այնպես, որ ինչ ազգի մարդ էլ լինի դահլիճում, ներկայացումը դրական ազդի նրա վրա»:

Երբ հետաքրքրվեցինք՝ արդյոք ներկայացման ցուցադրությունը կլինի՞ նաև Հայաստանում, Արաքսյան պատասխանեց. «Շատ հնարավոր է, բայց դեռ չգիտեմ: Կցանկանայինք ներկայացումն ամեն տեղ անել, բայց Իտալիան ընտրել ենք նրա համար, որ այն եվրոպական կենտրոն է, որը շատ հարմար է այցելելու համար: Շատ սիմվոլիկ տեղ է՝ որպես երաժշտական բեմահարթակ, քանի որ այդպիսի բեմ էլ չկա աշխարհում»:

Կազմակերպիչները որպես ներկայացման կարգախոս ընտրել էին «Սա կյանքի հիմն է բոլոր այն մարդկանց համար, ովքեր չեն վախենում երազել» նախադասությունը. «Այո՛, հայ ազգը չի դադարում երազել, և արդյո՞ք այդ ամենը երազ չէ: Մենք պետք է ցույց տանք հայի տեսակը, մենք ստեղծագործող ազգ ենք և սիրում ենք պայքարել»,-եզրափակեց Արաքսյան: 

Տեղեկությունների և տոմսեր ձեռք բերելու համար անցեք հետևյալ հղումով՝ www.amenproject.net

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել