Ենթադրենք՝ փչացել է ձեր շենքի վերելակը: Սա այն պարագայում, երբ դուք ապրում եք բազմահարկի 8-րդ հարկում, աստիճաննների հատվածն էլ անգամ ցերեկները մութ-խավար է և «կռիսանոց»: Էլի ենթադրենք, ոչ թե հարմարվող բնակիչ եք, այլ նախաձեռնող քաղաքացի և հետևաբար գնում եք համատիրություն, որպեսզի նախ ներկայացնեք իրավիճակը, ապա և պահանջեք (ոչ թե խնդրեք) լուծում: Համատիրությունից ձեզ տեղեկացնում են, որ հարցը վերաբերում է վերելակների վարչությանը, ինչը համատիրության հետ կապ չունի (եթե հաշվի չառնենք, որ ձեր համատիրության ղեկավարը նախորդ կիրակի վերելակի վարչության պետի հետ Սևան էր գնացել` ընտանիքներով): Այստեղ, սակայն, դուք կանգնում եք երկմտանքի առջև. բանն այն է, որ վերելակի վարչության պետին շատ լավ ճանաչում եք, այնքան լավ, որ զզվում եք նրանից: Երկմտանքն էլ կայանում է նրանում, որ դուք մտածում եք՝ հիմա արժի՞ գնալ մոտը, ձեռքը սեղմել, ներկայացնել իրավիճակը և լուծում պահանջել, թե՞ թքած շենքի վերելակի վրա, «կռիսի դեղ» կառնեմ: Ենթադրենք՝ գնում եք, ձեռքը սեղմում եք, դեռ թույլ ժպտում եք, վերջում էլ գալիս եք շենք ու հայտարարում, որ վերելակը շուտով կաշխատի: Այսքանից հետո, սակայն, արի ու տես, որ շենքում ձեզ կլոուն են անվանում, քանի որ բոլորին հայտնի է, որ դուք զզվում եք վերելակի վարչության պետից, և բոլորին պարզ է, որ դուք նրա մոտ եք գնացել, նրա ձեռքն եք սեղմել և նրան եք թույլ ժպտացել:
Հա, հարցը ԲՀԿ-ն չէ, հարցը ոչ էլ անգամ սահմանադրական բարեփոխումներն են և Սերժ Սարգսյանի մոտ այդ հարցով քննարկումների գնացող քաղաքական ուժերը, այլ քաղաքականությունը, մաքուր քաղաքականությունը: Իսկ ո՞վ ասաց, որ քաղաքականությունը պետք է սիրուն լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել