Սեպտեմբերի 4-ից «Վեցերորդ զգայարան» հաղորդումը կրկին եթերում կլինի, և կցուցադրվեն երկրորդ եթերաշրջանի վերջին երկու հաղորդումները։ Այս թողարկումների ժամանակ Անի Մաջնունյանը դեռ ունեցել է իր մասնակցությունը որպես փորձագետ։ Անիի մասնակցությամբ երկու եթերների հյուրերն են եղել բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն ու երգիչ Գևորգ Բարսամյանը։

«Մենք երկար էինք մտածում՝ ինչ անել այդ թողարկումների հետ և ընդհանուր որոշում կայացրինք՝ այդ երկու եթերները նվիրել Անիի հիշատակին։ Այդ որոշումը կայացնելը դժվար էր, բայց այդ եթերները չցուցադրելու իմաստ որևէ մեկը չէր տեսնում։ Հեռուստադիտողներն էլ կտեսնեն, կհիշեն Անիին»,- BlogNews.am-ի հետ զրույցում ասաց հաղորդման պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը։

Զրույցի ընթացքում Հրաչը քանիցս նշեց, որ այս եթերներում Անին ուրիշ է։ «Շատ սիմվոլիկ մի բան կա. ես չեմ ուզում անընդհատ հավատալ այդ օրինաչափություններին, սակայն Գևորգ Բարսամյանի եթերում մի պատմություն է դուրս գալիս, որը կապված է Ավետարանի և Գևորգի տատիկի հետ։ Որպես Անիի վերջին եթեր՝ դա շատ սիմվոլիկ է։ Մնացածը սեպտեմբերի 11-ին ինքներդ կտեսնեք։ Հիմա, երբ ես զուգահեռներ եմ անցկացնում, հասկանում եմ, որ Անին էլ է ուրիշ այդ եթերներում։ Գուցե ես եմ այլ աչքով նայում, բայց այդ եթերներում Անին այլ էր»,- նշեց պրոդյուսերը։

Այս ընթացքում հասարակության տարբեր շրջանակներում քննարկվում էր հարցը, թե ինչպես է ստացվել, որ Անին, կարողանալով գուշակել ուրիշների ապագան, չէր կարողացել գուշակել սեփական անձին վերաբերող ողբերգությունը. «Որպես հաղորդման պրոդյուսեր՝ ես նույնպես կարող եմ բարձրացնել այդ հարցը, սակայն արի ու տես, որ ոչ բոլոր դեպքերում են էքստրասենսոր կարողությունները գործում... Կուլիսային խոսակցություններ եղել են. Անին իրականում զգուշացված է եղել, որ իր կյանքին վտանգ է սպառնում և ոչ մեկ անգամ։ Կարենը խոսեց դրա մասին, սակայն միայն Կարենը չէ, որ Անիին զգուշացրել է այդ մասին, պարզապես փորձագետներից ոչ բոլորն են տալիս հարցազրույցներ և խոսոտովանում դա։ Ինքը՝ Անին, շատ հումորով էր արձագանքում այդ զգուշացումներին, ինչպես Նարեկ Մակարյանի դեպքում եղավ, և ասում էր, որ Նարեկը միշտ իր հետ է»։

Սեպտեմբերի 4-ին եթերում կլինի նաև «Կիսաբաց լուսամուտների» հատուկ թողարկումը՝ նվիրված Անիին։ Հրաչից տեղեկացանք, որ հաղորդման հյուրերն Անիի ընկերներն են։ Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն Անիի մասին բացառիկ տեսանյութեր, որոնք մինչ օրս որևէ մեկը չի տեսել։ «Դրանք Անիի հետկուլիսյան կյանքի մասին են՝ ինչպես և ինչով է ապրել նա։ Կլինեն ներկայացուցիչներ նաև մեղադրվողի կողմից՝ մարդիկ, ովքեր ծանոթ են մեղադրյալի հետ։ Ծրագրի մի հատվածը մենք նվիրում ենք նրան և բացահայտում, թե ով է այդ անձնավորությունն ու ինչ կապ է ունեցել Անիի հետ»,- պատմեց Հրաչը։

Այս ընթացքում մամուլում մի շարք վարկածներ են շրջանառվել, ընդհուպ այն, որ Անին և մեղադրյալն ինտիմ կապ են ունեցել, հարցին՝ հաղորդումը լույս կսփռի՞ այս պատմության վրա, Հրաչն արձագանքեց. «Հուսամ՝ կսփռի։ Մենք փորձել ենք հնարավորինս բացահայտումներ անել, իհարկե, չխանգարելով նախաքննությանը, քանի որ մենք դրա իրավունքը չունենք։ Մենք միայն հնարավորություն ունենք բարձրաձայնելու որոշակի ինֆորմացիա, որը մեր տիրապետության տակ է, սակայն դա չի խոչընդոտելու քննչական մարմիններին անել իրենց աշխատանքը։ Ի վերջո, սա դաժան սպանություն է, որի բացահայտմանը բոլորս սպասում ենք, որովհետև կարևոր հարցը, որի պատասխանը մենք չունենք, «ինչու»-ն է, և այն դեռ օդում կախված է»,- եզրափակեց Հրաչը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել