EXCLUSIVE

Հեռուստադիտողների կողմից սիրված «Ֆուլ հաուս» սիթքոմը հեռուստաէկրան կվերադառնա սեպտեմբերի 14-ից: Երրորդ երթերաշրջանում հեռուստադիտողը ևս ծիծաղելու առիթներ շատ է ունենալու: Կլինեն ինչպես արդեն սիրված դերասանները, այնպես էլ նորերը, ովքեր իրենց մարմնավորած կերպարներով նոր շունչ կտան սիթքոմին: Blognews.am-ը ներկա է եղել սիթքոմի նկարահանումներին և զրուցել դերասանների հետ:

Հեռուստադիտողների սիրելի կերպարներից մեկը՝ տիկին Տամառան, ում մարմնավորում է Մարջան Ավետիսյանը, այս եթերաշրջանում էլ հանգիստ չի տալու Մուշեղին՝ նույն Գրիգոր Դանիելյանին: Դերասանուհու համար սիթքոմն արդեն ընտանիք է դարձել, և հենց այդ պատճառով էլ նա որոշեց չբացահայտել ընտանիքի գաղտնիքները, փոխարենը՝ ավելի քան համոզված է՝ երրորդ եթերաշրջանը շատ հետաքրքիր է լինելու. «Եթե դերասանը տանը նստած կարդում է տեքսը և կարողանում է ծիծաղել՝ որևէ մեկի հետ չկիսվելով, ապա դրա համար միայն պետք է շնորհակալ լինել սցենարիստներին»: 

Մարջանն այս սիթքոմում լրիվ այլ տեսանկյունից բացահայտվեց, նա էլ համաձայն է այս կարծիքի հետ. «Ես ինքս բազմիցս ասել եմ և կկրկնեմ՝ չէի հավատում, որ իմ կերպարը հաջողություն կունենա, և երբևէ չէի մտածի, որ ես այս ժանրում հաջողություն կգրանցեմ, թող մեծամտություն չլինի, բայց կասեմ, որ գրանցել եմ, և ես իմ կերպարը շատ եմ սիրում»:

Դերասանուհի Արփինե Գաբրիելյանը խոստովանում է, որ հումորային կերպարում խաղալը բավականին հաճելի և միևնույն ժամանակ պատասխանատու է. «Որքան էլ կողքից շատերն օգնում են, դու պետք է քո մեջ գտնես այդ կերպարը: Իմ կերպարն ինձ դուր է գալիս իհարկե: Վերջերս մի ֆիլմում եմ նկարահանվում, որտեղ չափազանց խորը, սառը կերպարում եմ, դա էլ ինձ դուր եկավ, բայց Լիկայի կերպարն ավելի մոտ է իմ էությանը: Անշուշտ, ես այնպիսին չեմ կյանքում, ինչպիսին Լիկան է, բայց ինձ ավելի հանգիստ եմ զգում, կարծում եմ՝ տարիքից է»: 

Խոսելով իր կերպարի զարգացումների մասին՝ Արփինեն նշեց. «Արդեն այս եթերաշրջանում զուգահեռ գիծ է գնում Արսենի մայրիկի հետ, փորձում են զարգացնել իմ և Արսենի սիրային կապը: Այս եթերաշրջանը կարծես ուզում է ցույց տալ, որ մի տարի ապրելով նույն հարկի տակ՝ անհնար կլիներ, որ ինչ-որ սիրային կայծ չլիներ»:

Երրորդ եթերաշրջանում «Ֆուլ հաուս» սիթքոմում կլինեն նաև երկու խորամանկ հարևանուհիներ, որոնց կմարմնավորեն Էվա Խաչատրյանը և Ադրիանա Գալստյանը, բայց նրանց կերպարների և զարգացումների մասին կիմանաք միայն՝ դիտելով սիթքոմը: Նշենք, որ աղջիկներն ընտրվել են քասթինգն անցնելուց հետո:

Իր կերպարի մասին խոսելիս Էվան նշեց. «Բավականին ծանոթ եմ իմ կերպարին, մի քիչ էլ նաև զարգացումներին, Գրիգոր Դանիելյանի հետ երկար զրուցել ենք այդ մասին, բայց շատ բաներ դեռ կպարզվեն աշխատանքի ընթացքում, քանի որ մենակ սցենարային գիծը չէ, որ պետք է կառուցել, նաև դերն է կարևոր, սա իմ առաջին փորձն է այս ոճի մեջ. սա ոչ թե դրամատուրգիական ինչ-որ կերպար է, այլ ավելի հումորայինԵս՝ որպես դերասանուհի, աշխատող տեսակ եմ, տեղում դոփող չեմ և հուսամ՝ իմ կերպարը տեղ կհասցնեմ, ստեղծագործական թիմն էլ բավականին լավն է»:

Ադրիանան էլ խոստովանեց, որ սա նրա առաջին փորձը չէ այս ոճի մեջ, նա ունեցել է նաև հեռուստասերիալում խաղալու հնարավորություն. «Կերպարս բավական հետաքրքիր է, մի քիչ առեղծվածային, որովհետև աղջիկը սկզբում ներկայանում է որպես բարի, կամեցող մարդ, բայց իրականում ավելի խորամանկ, սկանդալային է: Ամեն ինչ հիմա չեմ բացահայտի»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել