Exclusive

Տևական ժամանակ է, ինչ «Վիտամին» ակումբը եթերում չէ, սակայն մինչ այս որևէ հստակություն չկար՝ հումորային նախագիծն արձակուրդո՞ւմ է, թե՞ ավարտել է գործունեությունը։ BlogNews.am-ի հետ զրույցում ակումբի հումորիստ Արմուշն ասաց, որ հաղորդումը փակվել է, սակայն փրոդաքշընը շարունակում է գործունեությունը։

«Մենք հիմա նորություն ենք ուզում, քանի որ արդեն 8 տարի է՝ ստեղծագործում ենք նույն ձևաչափում։ Արդեն մենք էլ էինք նկատում, որ սպառվելու վտանգ կա, և մեզ պետք է հանգստանալ»,- ասաց Արմուշն ու հավելեց, որ «Եվրատեսիլին» նախորդած դադարից հետո վերադարձան եթեր, սակայն հասկացան, որ արդեն մեծացել են, և իրենց նորություն է պետք։

«Առաջիկայում անպայման նոր նախագիծ կլինի, քանի որ դա մեզ համար արդեն հիվանդություն է, այդքան աշխատանք չէ, որքան ապրելակերպ։ Հնարավոր է՝ հոկտեմբերին արդեն եթերում լինենք»,- հավելեց դերասանը։

Վերջին շրջանում «Վիտամինում» ներգրավվեցին երիտասարդ նոր ուժեր, սակայն «Վիտամինի» ֆորմատը նրանց հանձնել տղաները չեն ցանկանում։ «Այս ֆորմատն իրեն սպառել է, երիտասարդներն էլ այլևս թեմա չեն ունենալու, որովհետև մեր երկիրը փոքր է, հայտնիները քիչ են, իրադարձություններ էլ ուշ-ուշ են լինում։ Ինչ կար անելու, մենք արդեն արել ենք, իսկ քաղաքական հումորներ ի սկզբանե սկզբունքորեն չենք արել»,- նշեց հումորիստը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել