Ամերիկաբնակ հայտնի վարսահարդար Կարեն Մադաթյանի մասին լսել են և գիտեն ոչ միայն ԱՄՆ-ում, որտեղ նա ապրում և աշխատում է։ Հայկական շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ, ովքեր ժամանակ առ ժամանակ լինում են ԱՄՆ-ում, իրենց վարսերը հիմնականում վստահում են Կարենին: BlogNews.am-ի հետ զրույցում հայտնի վարսահարդար-ոճաբանը պատմել է իր մասնագիտության, նորաձև սանրվածքների և ինչպես նաև Սիրուշոյի, Լիլիթ Հովհաննիսյանի, Էմմիի, Արմինկայի, Արփինե Գաբրիելյանի, Քրիստինե Պեպելյանի հետ համագործակցության մասին:
Հայտնի վարսահարդարն արդեն տաս տարի է, ինչ աշխատում է այս բնագավառում, իսկ մասնագիտությունն ընտրելու պատճառը մեկն էր՝ սերն այդ աշխատանքի հանդեպ դեռ փոքր հասակից. «Ինձ համար կապ չունի, թե ով կլինի իմ հաճախորդը կամ ինչքան հայտնի նա կլինի: Ինքս պետք է ընտրեմ և ցանկություն ունենամ աշխատել տվյալ անձի հետ: Ինձ համար գումարն այնքան էլ կարևոր չէ, ինչքան որ տվյալ անձի հետ աշխատելու ցանկությունը: Իհարկե, եղել են նաև դեպքեր, երբ մերժել եմ համագործակցության առաջարկը»:
Կարենի խոսքով՝ իր գեղեցկության սրահում գները բավականին բարձր են, բայց ինչպես նա է նշում, եթե ցանկություն ունենա աշխատել որևէ մեկի հետ, իսկ վերջինս բավարար գումար չունենա, հաճույքով կաշխատի նաև անվճար: Խոսելով նորաձև սանրվածքների մասին՝ Կարենն ասաց. «Կան շատ նորաձև սարվածքներ, տարբեր նոր երանգներ, բայց ինձ համար նորաձև սանրվածքը կամ երանգը կախված է կոնկրետ անձի արտաքին տեսքից: Երբեմն հետևում եմ հայ աստղերին և կարող եմ ասել, որ առաջվա համեմատ կա շատ մեծ աճ, սակայն դեռ գրեթե բոլորի ոճերը կրկնվում են, մեկը մյուսին փորձում է կրկնօրինակել: Ցանկություն չունեմ ինչ-որ հայ աստղի փոխել: Հայ աստղերից ում հետ ցանկացել եմ, արդեն հասցրել եմ աշխատել, բայց կան ոմանք, ում փոխելն անիմաստ է: Հիմնական ոճային սխալը, որ արվում է, կրկնօրինակելն է միմյանց, իսկ ես կցանկանայի բոլորին տեսնել հենց իրենց ոճի մեջ»:
Կարենին խնդրեցինք նաև խոսել այն հայ հայտնիների մասին, ում հետ առիթ է ունեցել աշխատելու, ստորև ներկայացնում ենք նրա պատասխանները.
«Սիրուշո՝ մարդ, ում հետ կարող եմ անվերջ աշխատել: Կայացած արտիստ և հիանալի մարդ: Նրա դեպքում գնահատում եմ շատ կարևոր մի փաստ. նա շատ հայրենասեր է, երբ լինում է ԱՄՆ-ում, միշտ փորձում է աշխատել բոլոր հայ մասնագետների հետ, կլինի դա երաժիշտ, պարախումբ, թե վարսահարդար: Ի տարբերություն Սիրուշոյի՝ կան որոշ հայտնիներ, ովքեր, չգիտես ինչու, աշխատում են ամերիկյան ոլորտում և փորձում են այդ քայլով ինչ-որ բան ասել, որն անիմաստ է: Ահա թե ինչու շատ եմ գնահատում եմ Սիրուշոյին և հպարտ եմ նրանով:
Էմմի, ցանկանում եմ, որ միշտ երջանիկ լինես։
Լիլիթ Հովհաննիսյանն ունի օտարամոլ բնավորություն, երբ նա աշխատում է ինչ-որ կայացած կամ չկայացած օտարերկրացու հետ, չգիտես ինչու, միանգամից հրապարակում է դա, բայց երբ նա աշխատում է հայ մասնագետի հետ, բացարձակ չի նշում այդ մարդու անունը: Շատ ծիծաղելի է: Ճիշտ կլինի, որ ոչ թե նա նմանակի օտարներին, այլ ստեղծի իր ոճը և գնահատի մարդկանց կյանքում, որովհետև առանց այդ մարդկանց նա ոչ մի տեղ չէր լինի այսօր: Խոսքս հայ մասնագետների մասին է, գնահատի՛ր նրանց, Լիլիթ:
Արմինկան բոլոր ժամանակների ամենաճաշակով երգչուհին է, հիանալի անձնավորություն է և կարևորը՝ չափազանց ոճային:
Արփինե Գաբրիելյանը լավն է:
Անի Քրիստիի հետ աշխատել շատ եմ սիրում, նա հիանալի մարդ է:
Քրիստինե Պեպելյանի հետ կաշխատեմ ամեն օր և չեմ ձանձրանա: Նրա նման մարդիկ քիչ են այսօր, և որպես արտիստ էլ նա պրոֆեսիոնալ աշխատելաոճ ունի»:
Հայտնի վարսահարդարի հետ խոսեցինք նաև նոր գաղափարների և անելիքների մասին. «Կան նորություններ, որոնք հիմա չեմ կարող բացահայտել: Կան նոր արտիստներ, ում հետ արդեն սկսել եմ աշխատանքները, բայց դեռ անուններ նշել չեմ կարող: Հուսով եմ՝ կլինի նաև ամերիկյան նոր հեռուստանախագիծ»:
Զրույցի վերջում Կարենը խոստովանեց, որ Հայաստանում եղել է մի քանի տարի առաջ, հաջորդ ամռանը պատրաստվում է կրկին այցելել:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի