Նախորդ օրը «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ու ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը Երևանի Հանրապետության հրապարակում զբոսնում ու ինչ-որ հարց քննարկում: Լուսանկարելուց հետո թղթակիցը մոտեցել է Մարգարյանին ու Սահակյանին: Ավանդական «ոնց եք, ոնց չեք»-ից հետո Արման Սահակյանն ու թղթակիցը կարճ զրույցի են բռնվել: Կեսկատակ-կեսլուրջ այդ զրույցը, որի ընթացքում չափազանց ուրախալի բացահայտում կատարվեց, «ՀԺ»-ն ներկայացնում է գրեթե ամբողջությամբ: Ա.U. - Ի՞նչ ես անում:
Թղթ. - Էս շենքն եմ ուսումնասիրում (ու ցույց է տալիս Ազգային պատկերասրահի շենքը):
Ա.Ս. – Ինչի՞:
Թղթ. - Ուզում եմ առնեմ:
Ա.Ս. - Ինչի՞:
Թղթ. - Ուզում եմ առնեմ` ավտոմոյկա սարքեմ:
Ա.Ս. - Չէ, էս շենքը չի վաճառվում:
Թղթ. - Բայց մի հատ նայեք` ինչ հարմար ա մոյկի համար, կամարների տակ մեքենաները կկանգնացնեն, կլվանան, ֆանտանն էլ դիմացը` ջուրը կա, կաֆեով բանով մոյկա կդառնա:
Ա.Ս. - Չէ, էս շենքը չի վաճառվում:
Թղթ. - Բա էն շենքը ո՞նց վաճառվեց (ցույց է տալիս ՀՀ արտգործնախարարության շենքը):
Ա.Ս. - Էն ուրիշ ա:
«ՀԺ» թղթակցի տպավորությամբ՝ Ազգային պատկերասրահի շենքը իրոք մտադիր չեն վաճառել, գոնե առայժմ: Սա ահագին ուրախալի լուր է: Խնդիրն այն է, որ ՀՀ արտգործնախարարության շենքը Արման Սահակյանի գլխավորած վարչությունը վաճառեց գաղտնիության պայմաններում՝ առանց աճուրդ կամ մրցույթ հայտարարելու: Ուստի պարբերաբար անհրաժեշտ է հետաքրքրվել, թե է՞լ ինչ շենքեր կան վաճառքում: Իր վերջին ասուլիսի ժամանակ Արման Սահակյանը հայտարարել էր, որ եթե այլ շենքերի համար էլ լավ առաջարկներ լինեն, ապա դրանք կքննարկվեն: Իսկ պատկերասրահը գնելու ու ավտոմոյկա դարձնելու «ՀԺ» թղթակցի «առաջարկը» լսելով` Արման Սահակյանը չի էլ հետաքրքրվել, թե ինչ գին է առաջարկում: Ուրեմն` չի վաճառվում: Գոնե առայժմ:

«Հայկական ժամանակը» գրում է, որ Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, չի ցանկանում, որ իր որդին առաջադրվի նախագահի թեկնածու: Այդ մասին Ռոզա Ծառուկյանն ասել է թերթի թղթակցին: Նա նաև խնդրել է նման հարցերով իրեն չծանրաբեռնել, քանի որ արտերկրում բուժման պրոցեսում է:

«Ժողովուրդը» գրում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ երեկոյան մասնակցել է «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմի ցուցադրությանը. «Խոստովանենք` այս ֆիլմի վերնագիրն ինքնին խոսուն է, և վարչապետը այն դիտելու է գնացել մեծ շքախմբով: Սակայն ֆիլմն ամենևին էլ Տիգրան Սարգսյանի մասին չէ, ոչ էլ ՀՀ-ում նրա գրանցած տնտեսական անկման, ցանկացած հարցում անխտիր բոլորին մեղադրելու կամ կառավարության նիստերում հայտնի դասախոսությունների վերաբերյալ: Պարզապես այս ֆիլմը սիրային կատակերգություն է ամերիկացի երիտասարդի մասին, ում լքել է իր ընկերուհին: Ընկերները նրան տանում են Թուրքիա, որտեղից էլ օդապարիկով հանկարծ հայտնվում է Հայաստանում և ընկնում արկածների մեջ»:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի գլխագիրը. «Սրա վերջը երկրորդ փուլն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել