Ուկրաինան օրեցօր պոկում է այն բոլոր շղթաները, որոնցով ռուսները նրան մի քանի դար կապած են պահել իրենց գումակին: Ուկրաինան հպարտ է և Անկախ, շնորհավորենք նրա հերոս ժողովրդին այս տոնի առթիվ: Արդեն նշաններ կան, որ շուտով Բելառուսը ևս կպոկվի Ռուսաստանից: Մարդիկ իրենց ազգային և պետական շահերը ոչ մի պարագայում չեն զոհաբերում ո՛չ բարեկամին, ո՛չ էլ նույնիսկ էթնիկ «ազգականին»: Արդեն կարող ենք արձանագրել, որ ռուսական տարակերպ ու մշտաբորբոք նարցիզմը հոգևարքի մեջ է: Ձախողվեցին և կորստի մատնվեցին պուտինյան «սլավոնական» և «ռուսական» աշխարհները: Նրա կողքին առայժմ մնում են միայն թյուրքական և հայկական երկուական երկրներ՝ Ղազախստանն ու Ղրղզստանը և Հայաստանն ու Արցախը: Իրականում Ղազախստանն ու Ղրղզստանը, Պուտինի քթից բռնած, իրենց խաղն են առաջ տանում, և արդեն կարելի է ասել, որ նրանք կառավարվում են Պեկինից և բացառում Մետաքսի ռուսական ճանապարհն առանց այլընտրանք թողնելը: Այդ այլընտրանքն ունի երկու ուղի Թուրքմենստանում, առաջինը Թուրքմենբաշուց լաստանավերով կտրում է Կասպից ծովը և հասնում Բաքու ու շարունակվում դեպի Եվրոպա, երկրորդը գնացքով մուտք է գործում Իրան և նույնպես շարունակում իր ուղին դեպի արևմուտք: Կան նաև Չինաստանն Աֆղանստանի տարածքով տարաբնույթ փոխադրաուղիներ կառուցելու չինական ծրագրեր, որոնք ուղղվում են դեպի Հնդկաստան և Պակիստան: Ակնհայտ է, որ Արևմուտքն ու Չինաստանն ի վերջո իրար հետ կապվելու են ո՛չ միայն ծովային ուղիներով, այլև հսկայական օղակաձև ցամաքային տարատեսակ փոխադրաուղիներով, որոնք շրջանցելու են Ռուսաստանի և՛ արկտիկական ծովային, և՛ սիբիրյան ցամաքային ուղիները: Դրանք Մերձավոր Արևելքից անցնելու են ասիական հարավի ծովահայաց երկրներով դեպի Բանգկոկ, ապա Վիետնամով մտնելու են Չինաստան: Իսկ Չիբուխլո՞ւն... Այս հարցին դու պատասխանիր, սիրելի՛ ընթերցող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել