1990թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի անկախության հռչակագիրը ոչ միայն իր անկախ պետությունը վերականգնելու մեր ժողովրդի դարավոր երազանքի արտահայտությունն էր, այլեւ նրա երկու հատվածների՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման փաստացի իրողությանը իրավական տեսք տալու փորձ։
Անկախության հռչակագիրը հիմնվում էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա։
Սրանով անկախության հիմքերը ի սկզբանե դրվում էին միաժամանակ երկու «հենասյուների» վրա, որոնցից երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղը, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքի հիման վրա մեկ տարի անց՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, հռչակեց իր անկախությունը։
1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագիրը եւ նրան հաջորդած իրավական ակտերը՝ ընդհուպ մինչեւ 1991թ. սեպտեմբերի 2-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը, վկայում են, որ ադրբեջանական դիվանագիտության «գլխավոր խաղաթուղթը» դարձած «տարածքային ամբողջականության սկզբունքը» պարզ խաբեություն է։ Այն իրողությունը, որ ՄԱԿ-ը ճանաչել է նախկին խորհրդային հանրապետությունները՝ իրենց խորհրդային սահմաններով, նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը՝ նախկին ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի սահմաններով, իրավական առումով ներկայումս գտնվում է ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Հայաստանի կազմում։ Որովհետեւ 1991թ. սեպտեմբերի 2-ից մինչեւ Բելովեժյան համաձայնագիրը, իր անկախությունը հռչակած ԼՂՀ-ն դե յուրե չի եղել Ադրբեջանի կազմում։
1990թ. օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության հռչակագիրը ցույց է տալիս նաեւ, որ թեեւ մեր ներկա պետականությունը սկսել է ձեւավորվել ԽՍՀՄ կազմում եղած հայկական երկու պետական կազմավորումների հիմքի վրա, բայց դրանցից երկրորդը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ոչ միայն տարանջատվել է Ադրբեջանից, այլեւ 1989թ. դեկտեմբերի 1-ի եւ 1990թ. օգոստոսի 23-ի հռչակագրերով նրան իր կազմ ներառելու գործընթացը սկսած Հայաստանից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել