Խոսակցական հայերենի ցածր ոճերում և ժարգոնում գործածական թյուրքական թվականներով կազմված դարձվածքներն ու հասկացությունները մեր լեզվի հետաքրքիր երևույթներից են:

Դրանցից կարելի է հիշել «օթուզբեշ (բռց.՝ երեսունհինգ) նստել/նստցնել» - «շատ թանկ նստել/հաշվել» ձևը: Թե ինչո՞ւ հատկապես «երեսունհինգ», այդպես էլ անհասկանալի է մնում, քանի որ դարձվածքի առաջացման պատմությունը կամ ենթատեքստը, ցավոք, մեզ չի հասել:

Առանձին խումբ են կազմում նարդի խաղի եզրաբանության ոլորտից իրենց գործածության դաշտն ընդլայնած ձևերը՝ «դորդ (չորս) ու բեշ (հինգ) անել» - «լավ, որակով, չորս և հինգ գնահատականների մակարդակով անել», «աչքերը/մազերը շեշ (պրսկ. վեց) ու բեշ (հինգ) ըլնել/կայնել» - «զարմանալ»:

Այս խմբին են հարում նաև «իքի (մեկ)-բիր (երկու)» ուտեստի անունը, «Նիվա» ավտոմեքանայի 4x4 (չորս քարշակ) մակնշմամբ պայմանավորված «դորդ (չորս)-ջհար (պրսկ.՝ չորս)» ժարգոնային անվանումը, մինչդեռ «Գազ - 24» մեքենայի՝ Երևանի հին թաղերում տարածված «յիրմիդորդ» (քսանչորս) կրկին ժարգոնային բնորոշումը կիրառությունից դուրս է մղվել մեքենայի հետ միասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել