EXCLUSIVE
Սեպտեմբերի 14-ին կմեկնարկի արդեն սիրված «Ֆուլ հաուս» սիթքոմի երրորդ եթերաշրջանը, իսկ հեռուստադիտողին նոր և հետաքրքիր անակնկալներ են սպասվում: BlogNews.am-ի հետ զրույցում սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը բացահայտել է երրորդ եթերաշրջանի մի քանի մանրամասներ:
«Հին անձնակազմից գրեթե բոլորը կան, իսկ Դավիթ Աղաջանյանը և Լիլիթ Հարոյանը, ովքեր մասնակցել են երկրորդ եթերաշրջանին, այլևս չեն լինի: Միակ պատճառն այն է, որ պարզապես ըստ սյուժեի ավարտվեցին նրանց սցենարական գծերը: Այս երրորդ եթերաշրջանը կհամալրվի երեք նոր դերասաններով, կլինեն երկու ընկերուհիներ՝ դերասանուհիներ Էվա Խաչատրյանը և Ադրիանա Գալստյանը, և այս եթերաշրջանում կլինի նաև իմ կերպարի վերադարձը, որից սկսվեց «Ֆուլ հաուսը», դեռ չգիտեմ՝ ինչ հաճախականությամբ կլինի այդ կերպարը, ինչպես կստացվի ըստ սցենարի»,-նշեց Արմենը:
Խոսելով աղջիկների մարմնավորած կերպարների մասին՝ Արմենն ասաց. «Պարզապես երկու բառով կասեմ, որ նրանց հայտնվելը շատ պատահական է, արդեն լրացել է սիթքոմի մեկ տարին, իսկ եթե կհիշեք՝ այդ երեխաները բնակարանը վարձեցին մեկ տարով, և հիմա ժամանակն է, որ նրանք դուրս գան, բայց ինչ-ինչ պատճառներով նրանք դեռ կմնան այդտեղ: Կգան նոր հարևաններ՝ փոքր-ինչ խորամանկ երկու աղջիկներ: Չեմ ուզում ավելին ասել, որ հետաքրքրությունը պահենք»:
Հարցին՝ արդյո՞ք վերջապես Ֆելոն համարձակություն կունենա և սեր կխոստովանի Տաթևիկին, Արմենը պատասխանեց. «Այս եթերաշրջանը կտարբերվի մնացածներից, քանի որ նրա սյուժետային գծերը մի փոքր շատացրել ենք: Ինձ թվում է՝ շատ ավելի հագեցած կլինի, տարբեր ուղղություններով և զարգացումներով: Սպասեք զարգացումներին»:
Նոր եթերաշրջանում տաղավարային փոփոխություն էլ կլինի, ավելացել է ևս մի տարածք՝ շենքի բակը:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի