Բաքվի բռնապետի կողմից ադրբեջանական զինված ուժերում իրականացված վերջին կադրային զտումների զոհ է դարձել ոչ ավել, ոչ պակաս այս երկրի ազգային հերոս Ֆախրադդին Ջաբրայիլովը, որին գեներալ-մայորի բարձր կոչում էր շնորհվել ընդամենը մոտ մեկ տարի առաջ:

Ուշագրավն այն է, որ վերջինս ծնունդով Գորիս քաղաքից է և Ադրբեջանի տեղային կլաններից բաղկացած իշխանական համակարգի վերնախավում լուրջ դիրքեր զբաղեցնող, այսպես կոչված, երևանյան ադրբեջանցիների կամ Ադրբեջանում ընդունված քամահրական տարբերակով «երազների» ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկն էր, որի՝ ասպարեզից դուրս բերմամբ այս կլանին իրականում զգալի հարված է հասցվում երկրի ներսում անընդհատ ընթացող ներկլանային «աներևույթ» պայքարում:

Հատկանշական է, որ ՀԽՍՀ տարածքից սերող, այսպես կոչված, երևանյան ադրբեջանցիները, դեռևս Հեյդար Ալիևի ժամանակներից համարվելով Բաքվի բռնապետի ամենավստահելի տարրերից, այժմ էլ նշանակալի դերակատարությունն ունեն Ադրբեջանի ուժային կառույցներում և հատկապես ոստիկանությունում:

Այս համատեքստում ուշագրավ է նաև այն, որ ադրբեջանալեզու սոցիալական ցանցերում հանդիպում են բողոքներ առ այն, որ ադրբեջանական ոստիկանության տարբեր կառույցներում ընդգրկված «երազները» քաղաքացուց պահանջվելիք կաշառքի գումարի չափի և այլ մանրամասների համաձայնեցումը պետական հաստատություններում միմյանց հետ, որպես կանոն, կատարում են հայերենով, որպեսզի դիմացինը չհասկանա, թե ինչի մասին է խոսքը՝ այսպիսով հայերենը փաստացիորեն վերածելով Ադրբեջանի «պետական լեզվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել